Ռազմաշաբաթ. Հայաստան. դեկտեմբերի 21-27, 2014

ՊԲ-ն հաստատում է հայ պայմանագրայինի գերեվարության փաստը • ՀԱՊԿ խորհրդի նստաշրջան Մոսկվայում • ՀԱՊԿ Հավաքական ավիացիոն ուժեր կարող են ստեղծվել • Հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ՝ ՊԲ հարավարևելյան հատվածում • ՊԲ-ն վնասազերծել է դիվերսիայի ժամանակ հակառակորդի ականապատած հատվածները • Արցախում Անվտանգության խորհդրի նիստ է եղել • Պաշտպանության բանակում մահացել է զինծառայող, քրեական գործով 3 ձերբակալված կա • Բացվել է «Տարվա մարդ» կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուշատախտակը

Հայաստանյան պատվիրակության անդամները ՀԱՊԿ անդամ պետությունների նիստում

Հայաստանյան պատվիրակության անդամները ՀԱՊԿ անդամ պետությունների նիստում

• Դեկտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որ Աղդամի հատվածում պաշտպանության բանակի ստորաբաժանումների անհաջող դիվերսիոն գործողություն հետևանքով ադրբեջանցիները գերի են վերցրել ՊԲ զինծառայող Արսեն Բաղդասարյանին: ՊԲ-ն հաստատել է հայ պայմանագրայինի գերեվարության փաստը, բայց հերքել է դիվերսիայի մասին Ադրբեջանի հայտարարությունը:

ՊԲ հաղորդագրության համաձայն՝ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը՝ հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

• Դեկտեմբերի 22-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նստաշրջանին: Նստաշրջանի ընթացքում, որն անցկացվել է դեկտեմբերի 23-ին, ստորագրվել է 22 փաստաթուղթ, որոնցից մեկը եղել է «ՀԱՊԿ կոլեկտիվ ավիացիոն ուժերի մասին» պայմանագիրը: Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության հաջորդական զարգացման գործում միանգամայն տեղին քայլ կլինի Հավաքական ավիացիոն ուժերի ստեղծումը:

• Դեկտեմբերի 22-ին ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար Մոսկվայում է եղել նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հյուրընկալել է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարներին՝ այդ թվում նաև Սեյրան Օհանյանին, և ուղեկցել նրանց ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոն, որտեղ ներկայացրել է դրա տեխնիկական հնարավորություններն ու գործառույթները:

Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն կառավարման կենտրոնում

Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն կառավարման կենտրոնում

• Դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին նկատելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր:

Հետախուզադիվերսիոն գործողությունները վնասազերծելուց հետո ՊԲ առաջապահ ուժերի առջև խնդիր է դրվել հետախուզել ողջ առաջնագիծը: Արդյունքում պարզվել է, որ բացի դիվերսիոն հարձակումից, հակառակորդի հատուկ ջոկատայինները ևս երկու ուղղություններով (արևելյան և հյուսիսարևելյան) հատել են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքը և ականապատել որոշ հատվածներ: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ, տեղադրված բոլոր ականները վնասազերծվել են:

• Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին հրավիրել է Արցախի Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել են մարտական հերթապահության կազմակերպմանն ու ինժեներական կառույցների կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին հարցերը:

• Դեկտեմբերի 21-ին Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացել է ՊԲ զինծառայող, 1995թ ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը: Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել են դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մ. Բաբայանը և երկու շարքային զինծառայող:

Արմեն Հովհաննիսյանի փառքի անկյունը

Արմեն Հովհաննիսյանի փառքի անկյունը

• Դեկտեմբերի 23-ին բացվել է 2014-ի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն ադրբեջանական դիվերսիոն հարձակումը հերոսաբար հետ մղած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուշատախտակը:

Ռազմաշաբաթը նաև Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *