Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգի Չաքըրսյոգութ գավառում ժանդարմերիայի զինծառայող է սպանվել։ Թուրքական լրատվամիջոցների հայտնած տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը մահացել է համածառայակցի կրակոցից։ Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:
2014-ի դեկտեմբերի 15-ին հաղորդած տեղեկության համաձայն՝ Չաքըրսյոգութի ժանդարմերիայի հրամանատարության առաջին գնդում ծառայող, Գազիանթեփում ծնված 22-ամյա պայմանագրային զինծառայող Սեդաթ Աթըլգանը համածառայակցի կողմից դեռևս անհայտ պատճառներով արձակած կրակի հետևանքով կրծքի շրջանում ծանր վիրավորվել է և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ դեպքը դժբախտ պատահար է։ Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել է ծառայողական քննություն։