Ադրբեջանի մայրաքաղաքում դեկտեմբերի 2-3-ին ընթացող հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին ներկայացվել է երիտասարդ ինժեներների նախագծած «Բայգուշ» ԱԹՍ-ն, որի ցուցադրությանը ներկա է եղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հաղորդում է ադրնեջանական «ԱՊԱ» գործակալությունը։
Հրապարակվել են նաև ԱԹՍ-ի տեխնիկական տվյալները, համաձայն որոնց՝ «Բայգուշ»-ն ունի 92սմ թևերի բացվածք, 600 գրամ քաշ, կարող է զարգացնել մինչև 50 կմ/ժ առավելագույն արագություն և մինչև 80 րոպե անդադար մնալ օդում։
Նշվում է, որ գիշերային ժամերին նկարահանումները հնարավոր դարձնելու համար ԱԹՍ-ն ունի նաև ինֆրակարմիր տեսախցիկ։ Ըստ արտադրողների՝ «Բայգուշը» կարող է 3D ձևաչափով հաղորդել այն տեղանքի քարտեզը, որտեղ իրականացվում է թռիչքը։ Ավելին, սարքը հնարավոր է կառավարել պլանշետի և հեռախոսի միջոցով` օգտագործելով հատուկ հավելված։
Հավելենք, որ այս ԱԹՍ-ին ադրբեջանական լրատվամիջոցները ակտիվորեն սկսեցին անդրադառնալ 2014-ի օգոստոսից։ Հատկանշական է նաև, որ «Բայգուշ» (Bayquş, թարգմ.՝ բու) նախագծի ղեկավար Նիջաթ Մանաֆովը, ով ի դեպ, Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության աշխատակից է, ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին հայտարարեց, որ դադարեցնում է նախագիծը։
Իր այդ որոշումը Մանաֆովը պայմանավորեց բավական տարօրինակ հանգամաքով՝ նշելով, որ նախագիծն ի սկզբանե նպատակ ուներ հետապնդել շահույթ, ինչն անհամատեղելի է ստեղծված դրության հետ, երբ ԱԹՍ-ն մեծ հետաքրքրություն է առաջացրել բավական լայն շրջանակներում։