Թուրքիայում 2015-ի հունվարից կգործի «գումար ծառայության փոխարեն» ծրագիրը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբի՝ դեկտեմբերի երկուսին կայացած նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում կշարունակի գործել ժամկետային զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատման համակարգը: Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:

Թուրքիայի ԶՈւ

Թուրքիայի ԶՈւ

Ըստ վարչապետի՝ համակարգը սկսելու է գործել 2015-ի հունվարից: Համաձայն նոր կարգի՝ գումարի դիմաց Թուրքիայի՝ մինչև 28 տարեկան և դեռևս ժամկետային զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են ազատվել զինվորական  ծառայությունից, եթե վճարեն 18 հազար թուրքական լիրա (մոտ 8000 ամերիկյան դոլար):

Դավութօղլուի կարծիքով՝ այս համակարգից կօգտվի շուրջ 700 հազար քաղաքացի և դրանից ստացված եկամուտները կուղղվեն բանակի արդիականացմանը:

Թուրքական «Հյուրրիյեթ դեյլի նյուզ» լրատվականը նշում է, որ  թուրքական NTV լրատվականայանի՝ սեպտեմբերին պատրաստած տեսանյութերից մեկում խոսվում է զինվորականների՝ վճարովի համարկարգի նկատմամբ վատ վերաբերմունքի և երկու կարևոր թերություն մասին. առաջին՝ Սիրիայի, Իրաքի կամ ԻՊ-ի հետ լուրջ խնդրի դեպքում թուրքական բանակի անձնակազմը պատրաստ չի լինի համարժեք հակազդեցության, երկրորդ՝ այս համակարգը վճարունակ և անվճարունակ քաղաքացիների միջև խտրականության պատճառ կդառնա:

Հետաքրքրական է, որ նույն միտքը նշել էր նաև վարչապետ Դավութօղլուն՝ նշելով, որ արդար չէ երկրի բնակչությանը տարանջատել ըստ եկամտի չափի և դրանով պայմանավորել՝ կմեկնի՞ քաղաքացին զինվորական ծառայության, թե՞ ոչ։

«Ծրագրի վերաբերյալ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի, զինծառայողների և կառավարության տարաձայնությունները խմորվում են շատ ավելի վաղուց: Վերջին զարգացումները պարզապես ժամանակավոր համաձայնություն են»,— Ռազմինֆոյի հետ զրույցում մեկնաբանեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ այս հարցը քննարկվել է նաև նոյեմբերի 27-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբում կայացած բարձրագույն զինվորականների խորհրդի նիստի ժամանակ, որը գլխավոր էլ վարչապետ Դավութօղլուն: Թուրքիայի վարչապետն առաջարկում էր պարտադիր զինվորական ծառայությունից աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի։Լևոն Հովսեփյանն այս առիթով նշում է, որ թուրքական բանակը թվաքանակի խնդիր չունի և ծրագիրն իրոք կարող է նպաստել Թուրքիայում սաղմնային վիճակում գտնվող պրոֆեսիոնալ բանակի և ռազմարդյունաբերության զարգացմանը, եթե ստացվող գումաները չգրպանվեն:

Ավելացնենք, որ «գումար ծառայության փոխարեն» ծրագիրը առաջին անգամ ներդրվել է 2011-ին: Այն ժամանակ ծառայությունից ազատվելու գինը 30 հազար թուրքական լիրա էր (13 հազար դոլար):

Ենթադրվում էր, որ ծրագրից կարող է օգտվել շուրջ 450 հազար հաղաքացի, իսկ ստացված եկամուտները կուղղվեն վետերանների բուժման խնդիրներին: Սակայն Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յլմազի 2012-ի հայտարարության համաձայն՝ վճարային համակարգից օգտվել էր միայն 66 հազար քաղաքացի:

2 responses to “Թուրքիայում 2015-ի հունվարից կգործի «գումար ծառայության փոխարեն» ծրագիրը

  1. Pingback: Իսմեթ Յըլմազ. Թուրքիայում բանակի լավագույնը խառը համալրման համակարգն է | Ռազմ.info

  2. Pingback: Հստակեցվել են Թուրքիայում «գումար ծառայության դիմաց» նախագծից օգտվելու ժամկետները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *