Տարածաշրջանային զարգացումները ստիպում են Թուրքիային վերանայել բանակի կառուցվածքը. Դավութօղլու

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբում նոյեմբերի 4-ին կայացել է դռնփակ նիստ, որին մասնակցել են Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև բարձրաստիճան մի շարք այլ զինվորականներ և պաշտոնյաներ։ Դռնփակ նիստի թեման եղել է Թուրքիայի ԶՈւ՝ մինչև 2033-ի զարգացման պլանը: Դրա ավարտին լրատվամիջոցների համար որոշ մանրամասներ է ներկայացրել վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։ Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։

Դռնփակ նիստ՝ Թուրքիայի ԶՈՒ  ԳՇ-ում

Դռնփակ նիստ՝ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ում

Դավութօղլուն նշել է, որ տարածաշրջանում ռիսկերն ու սպառնալիքները փոխել են իրենց բնույթը, ինչն անհրաժեշտ է դարձնում վերանայել Թուրքիայի զինված ուժերի կառուցվածքն ու զարգացման ռազմավարությունը։

Վարչապետը մասնավորապես նշել է, որ արդի պայմաններում իրենք տեսնում են զինված ուժերի հակահրթիռային պաշտպանության համակարգի ձևափոխման անհրաժեշտություն։ Նա տեղեկացրել է, որ նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև սիրիական ճգնաժամին և Սիրիայից փախստականների՝ դեպի Թուրքիա ներհոսքի խնդրին, որը, ինչպես նշել է պաշտոնյան, Հալեպի անկման դեպքում կարող է լուրջ մարտահրավեր դառնալ Թուրքիայի համար:

Նշենք, որ նիստից առաջ վարչապետն ու ԶՈւ գլխավոր շտաբի պետն ունեցել են առանձնազրույց, որը տևել է շուրջ 1 և կես ժամ։ Թե ինչ հարցեր են քննարկվել Նեջդեզ Օզելի հետ՝ չի հաղորդվում։

Հավելենք, որ նիստի ընթացքում վարչապետին զեկուցել են թուրքական ռազմական արդյունաբերության մի շարք նոր մշակումների մասին, որոնց թվում են նաև անօդաչու թռչող սարքերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *