ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների, ինչպես նաև Պակիստանի ռազմածովային ուժերը նոյեմբերի 6-ից 14-ը Միջերկրական ծովում կանցկացնեն համատեղ զորավարժություն՝ Թուրքիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերի, ինչպես նաև առափնյա պահպանության գվարդիայի ստորաբաժանումների հետ համատեղ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը։
Mavi Balina-14 անունը կրող զորավարժությունը կանցկացվի Թուրքիայի Մարմարիս նավահանգստային քաղաքի «Աքսազ» ռազմակայանում: Թուրքական կողմից զորավարժությանը կմասնակցեն ռազմածովային ուժերի 3 ֆրեգատ, 2 կորվետ, 4 սուզանավ, աջակցման 1 նավ, պարեկային 3 ինքնաթիռ և 3 ուղղաթիռ։
ՆԱՏՕ-ի ռազմածովային երկրորդ մշտական խմբի կազմում Թուրքիայից, ԱՄՆ-ից Գերմանիայից և Կանադայից զորավարժություններին կմասնակցեն մեկական, իսկ Իսպանիայից՝ 2 ֆրեգատ և ընդհանուր առմամբ 6 ուղղաթիռ: ԱՄՆ-ի ՌԾՈւ-ն զորավարժությանը կմասնակցի մեկական կործանիչով և պարեկային ինքնաթիռով, Պակիստանինը՝ մեկական ֆրեգատով և պարեկային ինքնաթիռով, իսկ Մեծ Բրիտանիան իր մասնակցությունը կունենա 1 սուզանավի տեսքով:
Հաղորդագրությունում նշվում է, որ որպես դիտորդ ներկա են լինելու Ադրբեջանի, Բահրեյնի, Բանգլադեշի, Վրաստանի, Քուվեյթի, Լիբանանի և Չիլիի՝ թվով 11 ներկայացուցիչներ։
Զորավարժության հիմքում լինելու է հակասուզանավային պայքարը, թեպետ անցկացվելու են նաև վերջրյա նավերի դեմ իրականացվող գործողությունների վարժանքներ։
Հավելենք, որ նոյեմբերի 5-ին Turkishnavy բլոգը հրապարակել էր լուսանկարներ՝ որոնցում պատկերված էր Բոսֆորով դեպի Միջերկրական նավարկող ՌԴ ՌԾՈւ «Կիլդին» (ռուս.՝ Кильдин) հետախուզական նավը: Չի բացառվում, որ ռուսաստանյան ռազմանավը նպատակ ունի հետևել և տեղեկություններ հավաքել ընթացող վարժանքների վերաբերյալ։
Pingback: ՆԱՏՕ անդամ երկրները և Թուրքիան զորավարժություն են անցկացնում Միջերկրական ծովում | Ռազմ.info