Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կդադարեցնի Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ երկխոսություն սկսելու ջանքերը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կազմակերպության խորհրդարանական ասամբլեայում ելույթի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ըստ կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ պատճառն այն է, որ ՆԱՏՕ-ն «ապակառուցողական ու հաճախ թշնամական» գործողություններ է իրականացնում Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի նկատմամբ:
Բորդյուժան համաշխարհային ուժային կենտրոնների միջև անհամաձայնությամբ է պայմանավորել նաև լարվածությունն աշխարհի թեժ կետերում՝ դրանց մեջ ներառելով նաև Արցախի, ինչպես նաև Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի երկրներում թմրանյութերի ապօրինի շրջանառության խնդիրները, Իրաքում ու Սիրիայում ծայրահեղականների ակտիվությունը, Ուկրաինայի չգնաժամը և այլն:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը «Արևմուտքին» մեղադրել է նաև ՀԱՊԿ անդամ երկրներում ապակայունացնող գործողությունների մեջ՝ կապելով դրանք նաև «աննախադեպ ծավալի տեղեկատվական ու պատժամիջոցային ճնշումներով»:
ՆԱՏՕ-ի հետ երկխոսություն նախաձեռնելու փոխարեն ՀԱՊԿ-ն այսուհետ կշարունակի զարգացնել հարաբերությունները ԵԱՀԿ-ի (Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպություն) հետ և կամրապնդի համագործակցությունը ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպության), Չինաստանի, Իրանի, Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ծովի երկրների հետ:
Ավելացնենք, որ ՆԱՏՕ-ն այս կամ այն չափով զարգացնում է հարաբերությունները ՀԱՊԿ անդամ երկրների, ինչպես օրինակ Հայաստանի հետ, սակայն կազմակերպությունների մակարդակով երկխոսություն դեռ չկա:
Նշենք, որ ՀԱՊԿ-ն հետխորհրդային տարածքի վրա 1992-ին ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է: Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա: Դրանից ելնելով՝ ՀԱՊԿ անդամներից մեկի վրա հարձակման դեպքում մյուս անդամները պարտավոր են անհրաժեշտ՝ այդ թվում և ռազմական օգնություն տրամադրել հարձակման ենթարկվող երկրին: