Նոյեմբերի 4-ին Բակո Սահակյանն ընդունել է օգոստոսին Ռուսաստանում անցկացված Տանկային բիաթլոն-2014 միջազգային մրցույթի մասնակից, մրցույթի երկրորդ տեղը գրաված հայ տանկիստներին ու նրանց մարտական պատրաստության գործում աչքի ընկած սպաներին, հայտնում է Արցախի ղեկավարի կայքը:
Բակո Սահակյանն ու հանդիպմանը մասնակցող Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը շնորհավորել են տանկիստներին ու պարգևատրել նրանց արժեքավոր նվերներով:
Նշենք, որ Տանկային բիաթլոն-2014 միջազգային մրցույթը, որի ընթացքում իրենց ուժերն էին չափում 12 երկրների, այդ թվում և Հայաստանի տանկային լավագույն անձնակազմերը, անցկացվել է 2014թ օգոստոսի 4-ից 16-ը մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում։ Թիմային պայքարի հաշվարկով Հայաստանը ներկայացնող տանկիստները մրցույթում գրավել են երկրորդ տեղը՝ որպես մրցանակ ստանալով 1 միավոր Տ-90Ս տանկ:
Տանկային բիաթլոնը տանկային անձնակազմերի մրցման ձև է, որի ժամանակ տանկիստները մրցում են տանկերով երթի, արգելքներ հաղթահարելու, կրակելու, ինչպես նաև ֆիզիկական վարժությունների մեջ։ Տանկային բիաթլոնի, նրա մրցման ձևերի, մրցույթների արդյունքների մասին առավել մանրամասն՝ Ռազմական հանրագիտարանում: