«Վրացական երազանքը» «խաղից հանեց» պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 4-ի երեկոյան հայտարարել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային պաշտոնից ազատվելու մասին, հայտնում է Newsgeorgia լրատվակայքը:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

«Ես որոշել եմ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային պաշտոնաթող անել, որպեսզի թույլ չտամ անձնականացնել պաշտպանության նախարարությունն ու խանգարել հետաքննության աշխատանքներին»,-այս մասին իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի պատգամավորների հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ղարիբաշվիլին:

Նշենք, որ վերջին օրերին Գլխավոր դատախազությունը հարուցել է միանգամից 3 քրեական գործ, որոնցում ներգրավված են պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Առաջին միջադեպի մասին հայտնի դարձավ, երբ Ալասանիան բացակայում էր երկրից և աշխատանքային այցով մեկնել էր արտերկիր: Պետական միջոցների յուրացման կասկածանքով ձերբակալվել էին ՊՆ և ԳՇ համակարգի 5 աշխատակից: Միջադեպի առնչությամբ լրատվամիջոցները սկսեցին լուրեր շրջանառել, թե հնարավոր է Ալասանիան հրաժարական տա:

Ինքն Ալասանիան նոյեմբերի 4-ին հայտարարել էր, որ սա «նպատակաուղղված հարձակում է» պաշտպանության նախարարության դեմ և պահանջել էր իշխող քաղաքական կոալիցիայի համարժեք արձագանքը:

Հետաքրքրական է, որ չնայած Վրաստանի քաղաքական վերնախավը, ինչպես նաև ԱՄՆ-ն՝ իր դեսպանի միջոցով, իրենց աջակցությունն էին հայտնում նախարարին, միևնույնն է, «Վրացական երազանքը» Ալասանիային «հանեց խաղից», ինչպես և ենթադրվում էր հենց սկզբից:

Վրաստանյան հասարակությունում արդեն տևական ժամանակ քննարկվում է, որ իշխող «Վրացական երազանք» -ը «չի սիրում» պաշտպանության նախարարին, որը «Ազատ դեմոկրատներ» կուցակցության նախկին ղեկավարն է: Նախարարի չընդունված լինելը կապում են դեռ անցյալի հետ, երբ «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին Ալասանիային ժամանակին ազատել էր փոխվարչապետի պաշտոնից: Իվանիշվիլին այդ ժամանակ զայրացել էր, որ «Ազատ դեմոկրատները» սկսել էին առանց իր իմացության քննարկել կուսակցության թեկնածուի մասնակցության հարցը 2013թ նախագահական ընտրություններին:

Նախարարի անձի հեղինակության և վստահության անկմումը պայմանավորում են նաև նրանով, որ նոյեմբերի 8-ին «Ազատ դեմոկրատների» նախատեսած հավաքի ընթացքում հնարավոր է կուսակցության ղեկավարը կրկին դառնա Ալասանիան: Միևնույն ժամանակ, կուսակցության անդամներն օրերս բացառել էին, որ ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Ալասանիան 2016 թվականի ընտրություններին կպատրաստվի առանձին՝ «Վրացական երազանք» կոալիցիայից դուրս։

Ինչևէ, Վրաստանի վերնախավը որոշեց չգնալ ռիսկի և ընտրել ամենակարճ ճանապարհը՝ ազատվել Ալասանիայից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *