Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հաստատած պլանի համաձայն՝ ադրբեջանական ռազմածովային ուժերի նավերը զորավարժություն են անցկացրել, ինչի մասին հայտնում է երկրի ՊՆ կայքը:
Զորավարժության ընթացքում ՊՆ ու ռազմածովային ուժերի ղեկավարությունները ստուգել են վարժանքների մասնակից ստորաբաժանումների մարտական առաջադրանքների կատարման մակարդակը, մանևրելու և ղեկավարելու կարողությունները, ինչպես նաև համագործակցումը:
Ռազմածովային վարժանքների նպատակը ստորաբաժանումների մարտական պատրաստության բարելավումն է և առաջիկայում երկրի պետական սահմանապահ ծառայության ու արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ զորավարժությանը պատրաստվելը:
Նշենք, որ Զաքիր Հասանովը հոկտեմբերի 23-ին այցելել էր Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի կողմից շահագործվող կառամատույցներից մեկը, որտեղ նրան էին ներկայացրել ամբողջական նորոգում և տեխնիկական վերազինում անցած ռազմանավեր, ինչից հետո դրանք իջեցվել են ջուրը։
Ավելացնենք, որ հոկտեմբերի 25-ից սկսած, Զաքիր Հասանովն իր տեղակալի՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիգովի հետ միասին, երկրի ղեկավարի հանձնարարականով ստուգայցեր է կատարում բանակի տարբեր զորամիավորումներում ու ստուգում ստորաբաժանումների մարտական պատրաստության մակարդակը։
Բարձրաստիճան զինվորականներն ավելի վաղ եղել են ինժեներական զորքերի զորամասերից մեկում, բանակային 3-րդ կորպուսում և զրահատանկային մի շարք ստորաբաժանումներում: Նոյեմբերի 1-ին նախարարն ու ԶՈւ գլխավոր շտաբի պետը եղել են 4 բանակային կորպուսի ենթակա զորամասերում:
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 2-8 | Ռազմ.info