Չեչնիայից զորակոչվողները կծառայեն Հարավային դաշնային օկրուգում և Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգում

Քսանամյա ընդմիջումից հետո առաջին անգամ այս տարի Չեչնիայից 500 երիտասարդ կզորակոչվեն ռուսաստանյան բանակ։ Նրանք ծառայելու են իրենց բնակավայրերից ոչ հեռու՝ Հարավային դաշնային օկրուգում, ինչպես նաև հենց Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգում։

ՌԴ ԶՈւ զինծառայողներ

ՌԴ ԶՈւ զինծառայողներ
Նկարը՝ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության

Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը, ով 2008–2011թթ. Չեչնիայի Հանրապետությունում զբաղեցրել է արտաքին կապերի, ազգային քաղաքականության, տպագրության և տեղեկատվության նախարարի պաշտոնը, գրում է ռուսաստանյան Lenta.ru լրատվակայքը՝ հղում անելով «Իզվեստիյա» պարբերականին։

«Այս տարվա աշնանը զորակոչված տղաները ծառայելու են միայն Ռուսաստանի հարավում։ Այս պահին ՌԴ ՊՆ-ն այդպես է որոշել, բայց ես կարծում եմ, որ հաջորդ զորակոչերի ժամանակ նրանք էլ կծառայեն երկրի տարբեր շրջաններում»,- մասնավորեցրել է պատգամավորը։

Տեղեկացնենք, որ Չեչնիայից վերջին ամբողջական զորակոչն իրականացվել է 1990-ական թվականներին, իսկ այնտեղ ռազմական գործողությունների սկսելուց հետո որոշում ընդունվեց այն ամբողջապես դադարեցնել։ Այժմ չեչենները ծառայություն են անցնում ՌԴ ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներում։

Իսկ այս տարվա օգոստոսին Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը դժգոհել է, որ Չեչնիայից ՌԴ զինված ուժեր զորակոչ չի իրականացվում։

«Չեչենները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են և ոչ ոք իրավունք չունի նրանց զրկել հայրենիքը պաշտպանելու իրավունքից», — ասել էր Կադիրովը։ Քննարկելով հարցը՝ սեպտեմբերի 19-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն որոշում ընդունեց, որ այսուհետ բանակ կզորակոչվեն նաև Չեչնիայից։

Հավելենք, որ ՌԴ-ն իր բանակը համալրում է խառը սկզբունքով, այսինքն՝ ինչպես պարտադիր զորակոչով, այնպես էլ պայմանագրային հիմունքներով։ Պարտադիր զինվորական ծառայությունը 1 տարի է, զորակոչվում են 18-27 տարեկան երիտասարդները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *