Վրաստանի վարչապետն աբխազներին և օսերին ինքնավարություն է առաջարկում միացյալ ու ուժեղ Վրաստանի կազմում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աբխազներին և օսերին առաջարկել է ինքնավարություն միացյալ Վրաստանի կազմում: Այս մասին հոկտեմբերի 27-ին բրիֆինգի ընթացքում իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի 2 տարվա արդյունքներն ամփոփելու ժամանակ հայտարարել է վարչապետը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին

«Մենք ունեցել ենք ինքնավար հանրապետություն ու հիմա այդ նույն ինքնավարությունն առաջարկում ենք բայց միացյալ, ուժեղ Վրաստանի կազմում ու մենք խաղաղ կապրենք: Առանց մեզ դուք երջանիկ չեք լինի, առանց ձեզ էլ՝ մենք: Սա եղբայրական ևս մեկ առաջարկ է»,- ասել է Ղարիբաշվիլին:

Այդ նույն ժամանակ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունը` Ազգային միացյալ շարժումը (2008-2013թթ Վրաստանում իշխող կուսակցությունն էր,նախագահը Միխայիլ Սահակաշվիլին էր), հանձին ներկայացուցիչ Գիգի Բոկերիայի հայտարարում է, որ Վրաստանի իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում «օկուպացված» տարածքների առնչությամբ: Եվ այն ինչ ասել է Ղարիբաշվիլին ինչ-որ հիշողություններ են:

«Ապագայի ոչ մի տեսլական, ՌԴ-ից եկող մարտահրավերների ոչ մի գիտակցում: Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ սա Իվանիշվիլիի խումբն է, որ չի գիտակցում, թե ինչ խնդիրների առաջ է կանգնած Վրաստանը»,- ասել է Գիգի Բոկերիան:

Հավելենք, որ Վրաստանի ներկայիս վարչապետը 20 տոկոս տարածքային կորստի համար մեղադրում է Սահակաշվիլիին և նրա համախոհներին: Իսկ վերջինս բազմիցս նշել է, որ Վրաստանն այդ տարածքները կորցրել է ոչ թե մի քանի տարի, այլ ավելի քան 20 տարի առաջ:

Անվտանգության հարցերով փորձագետ Խաթունի Լագազիձեն էլ կարծում է, որ Վրաստանի վարչապետը որևէ նոր բան չի ասել Աբխազիայի և Հարավայի Օսիայի վերաբերյալ։

«Բայց և այնպես, ՌԴ-Աբխազիա հարաբերություններում և համագործակցության նոր համաձայնագրի քննարկման փուլում վարչապետի բարյացակամ տոնը կարևոր է եղել»,- ասել է Լագազիձեն։

Նշենք, որ 2008 թվականին Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, որոնք Վրաստանի կազմում երկար ժամանակ անկախության էին ձգտում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *