ՀՀ Ոստիկանության լրատվության ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից հաղորդում է ստացվել, որ «Էլեկտրոն» ԲԲԸ-ում պայթյուն է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Շարուրի փողոցում գտնվող «Էլեկտրոն» ԲԲԸ 16-րդ արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի ընթացքում փոխտնօրեն՝ 1947 թ. ծնված Ազիզբեկ Բարսամյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ նույն արտադրամասի պետ՝ 1940 թ. ծնված Ջանիբեկ Մարտիրոսյանը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 16.55-ին, գիտակցության չգալով, մահացել է: Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Հիշեցնենք, որ երեկ դեպքի վայր էր մեկնել նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչը պատահական չէր: Քանի որ դեռ այս տարվա ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ-ն՝ կառավարության ապրիլի 11-ի նիստի հաստատմանն էր ներկայացրել ՀՀ ռազմական արդյունաբերության զարգացման միջոցառումների ծրագիր, որը մշակվել էր ՀՀ նախագահի 2011 թ. դեկտեմբերի 29-ի կարգադրությամբ:
Այդ ծրագրի նպատակն էր բանակն ապահովել տեղական արտադրության սպառազինությամբ, ինչը պայմաններ կստեղծեր նաև արդյունաբերության մյուս ճյուղերի զարգացման համար:
Կառավարության մեկ այլ որոշմամբ «Էլեկտրոն» գործարանին՝ 2002թ. տրված մարտական զենքի արտադրության լիցենզիան երկարաձգվել է ևս 5 տարով: Այսօր «Հայացք» օրաթերթը գրել է. «Չնայած արտադրական վտանգավոր օբյեկտ լինելուն` «Էլեկտրոն» գործարանը ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում գրանցված չէ և որևէ տեղ փորձաքննություն չի անցել (որն օրենսդրության պահանջների խախտում է), սակայն ՀՀ կառավարության որոշմամբ` վերջերս երկարացվել է «Էլեկտրոն» գործարանին զենքի արտադրության համար տրված լիցենզիայի ժամկետը»:
Razm.info-ն փորձեց դեպքի հետ կապված մանրամասներ պարզել ՊՆ մամլո ծառայությունից, սակայն պատասխանեցին, որ բոլոր հարցերը պետք է ուղղել Ոստիկանությանը կամ ԱԻՆ-ին:
Իսկ ԱԻՆ մամլո պատասխանատու Նիկոլայ Գրիգորյանը Razm.info-ի հետ զրույցում նշեց, որ «ԱԻՆ-ը լիցենզիայի տրամադրման գործում ներգրավվածություն չունի», չնայած որ այդ գերատեսչության ենթակայությամբ է գործում «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը «արտադրական վտանգավոր oբյեկտ շահագործող անձի հետ կնքված պայմանագրի համաձայն` իրականացնում է oրենքով uահմանված տեխնիկական անվտանգության փորձաքննություն և համապատաuխան փորձագիտական եզրակացություն է տրամադրումը»: Իսկ նույն կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը Razm.info-ին տեղեկացրեց, որ իրենք ՀՀ-ում լիցենզիա տրամադրող միակ կենտրոնը չեն: Փորձեցինք առավել հանգամանալից տեղեկություն գտնել ՊՆ կայքում: Այնտեղ նշվում է, որ Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման և ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման համար լիցենզիա ստանալու համար հայտատուն պետք է ՀՀ կառավարության 1308-Ն որոշմամբ նախատեսված փատաթղթերը` հայտի հետ միասին ներկայացնի ՀՀ պաշտպանության նախարարություն: Լիցենզավորման հայտերը ընդունում է լիցենզավորման հանձնաժողովի քարտուղար, ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի աշխատակազմի ղեկավար, գնդապետ Կամո Սողոմոնյանը: Razm.info-ն գրավոր հարցում կուղարկի համապատասխան ՊՈԱԿ և ստացած տեղեկությունը կհրապարակի առաջիկայում:
Ըստ ոստիկանության մամլո ծառայության՝ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:
Հ. Գ. Նշենք, որ ըստ «ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերություն» կատալոգի՝ «Էլեկտրոն» գործարանը նռնակներ ու ականներ էր արտադրում:
Pingback: ԱՊՀ-ն միասնական աշխարհատեղեկատվական համակարգ ստեղծելու նպատակ ունի. օրվա ամփոփում | Ռազմ.info