Հանձնաժողովը 5 տարում զորակոչի առնչությամբ ստացել է 212 դիմում. 2011թ. 16 զորակոչիկ՝ միջնորդությամբ տարկետում է ստացել

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ 2012 թ. գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման նպատակով ստեղծվել է հանձնաժողով` ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի ղեկավարությամբ: Razm.info-ն զրուցեց Գեղամ Հարությունյանի հետ՝ որպեսզի պարզի, թե ինչով է զբաղվում հանձնաժողովը և ինչ արդյունքներ է գրանցել իր գործունեության ընթացքում:

—Հանձնաժողովին կարող են դիմել զորակոչի հետ կապված ցանկացած խնդրով: Մենք առանց ձգձգելու քննարկում ենք ստացված դիմում-բողոքները: Այս առումով հանձնաժողովը լրացուցիչ հնարավորություն է ընձեռում մեր քաղաքացիներին դիմումների և բողոքների ներկայացման համար:  Էական է այն հանգամանքը, որ հանձնաժողովը գործում է ՀՀ ՊՆ առընթեր Հասարակական խորհրդի հովանու ներքո, որը թույլ է տալիս հանձնաժողովին զորակոչային գործընթացում իրականացնել հասարակական վերահսկողության գործառույթ: Մեր նպատակն է նպաստել զորակոչիկների նկատմամբ ճիշտ որոշումների ընդունմանը, օրինականության և արդարության ապահովմանը:

—Իսկ ինչպիսի՞ն է դիմումների և  բողոքների  քանակական պատկերը: Այն աճմա՞ն, թե՞ նվազման միտում ունի:

—Նախորդ զորակոչերի ընթացքում մենք ստացել ենք 212 դիմում-բողոք: Դրսևորվում է այն օրինաչափությունը, որ  աշնանային զորակոչերին, գարնանայինի համեմատ,  ավելի շատ դիմում-բողոքներ են ստացվում: Սակայն տարբերությունը մեծ չէ: Ընդհանուր առմամբ դիմում-բողոքների թիվը մեկ զորակոչի ընթացքում տատանվում է   40-ից 50-ի սահմանում: Այս զորակոչին արդեն ստացել ենք 9 դիմում-բողոք, որոնցից 4-ը քննարկել ենք առաջին նիստում, 5-ը կքննարկենք երկրորդում: Հարկ եմ համարում նշել, որ դիմում-բողոքները քննարկվում են ծնողների և զորակոչիկների մասնակցությամբ, ինչը թույլ է տալիս պարզել բոլոր հանգամանքները: Հանձնաժողովի նիստերը բաց են նաև ԶԼՄ-ների համար:

—Իսկ ի՞նչ բնույթ ունեն դիմում-բողոքները, որ հիվանդություններն են գերակշռում:

—Ստացված դիմում-բողոքների ¾-ը վերաբերում են զորակոչիկների  առողջական խնդիրներին: Դրանց ուսումնասիրումը հանձնաժողովի աշխատանքի առավել բարդ ու պատասխանատու մասն է կազմում: Հասկանալի է, որ բանակին հիվանդ զինվորներ պետք չեն: Մյուս կողմից էլ շատ զգայուն է ծնողների վերաբերմունքն այս խնդրին: Այդ իսկ պատճառով, համագործակցելով զորակոչային մարմինների, մասնավորապես Կենտրոնական բժշկական հանձնաժողովի հետ, մենք ձգտում ենք հասնել հիմնավորված որոշումների ընդունմանը: Այսպես, նախորդ զորակոչի ընթացքում հանձնաժողովի միջնորդությունների արդյունքում 16 զորակոչիկների վերաբերյալ վերանայվեցին զորակոչման որոշումները և նրանք ստացան տարկետումներ: Սա կարևոր արդյունք է, որը հանձնաժողովի հետ մեկտեղ ես վերագրում եմ նաև զորակոչային մարմիններին: Ինչ վերաբերում է հիվանդությունների հարաբերակցությանը, ապա մենք ավելի շատ ստանում ենք բողոքներ  կապված սրտի և տեսողության խնդիրների հետ: Սակայն ճիշտ չի լինի հիվանդությունների նշված պատկերը տարածել ամբողջ զորակոչի վրա: Ամբողջ ընդգրկումով այս հարցին լիարժեք կարող են պատասխանել Կենտրոնական բժշկական հանձնաժողովը և Հանրապետական զինկոմիսարիատը:

Գեղամ Հարությունյանը և հանձնաժողովում ընդգրկված թերապևտ, բժշկական ծառայության գնդապետ Գայանե Ղուկասյանը հավաստիացրեցին, որ այսօր հիմնականում դիմում են առողջության հարցերով, իսկ իրավական դաշտին առնչվող բողոքների թիվը նվազել է, որն իրենք բացատրեցին մի կողմից զինկոմիսարիատների աշխատանքի որակի, մյուս կողմից քաղաքացիների իրազեկվածության և հետևողականության բարձրացմամբ: Ծառայության վայրի հետ կապված դիմում-խնդրանքները գնալով նվազում են:  Գեղամ Հարությունյանը հավաստիացրեց, որ զորակոչային գործընթացի որակական կողմը բարձրանում է, սակայն նույնը չի կարելի ասել զորակոչիկների ընդհանուր առողջական վիճակի մասին: Նա նշեց նաև, որ խստապահանջ վերաբերմունք է դրսևորվում նեգատիվ երևույթների կանխման ուղղությամբ:

—Պարոն Հարությունյան, երբ զորակոչիկը ճանաչվում է պիտանի ոչ շարային ծառայության,  ո՞վ պետք է հետևի կամ ո՞վ է հետևում, որ զորամասում նա ստիպված չլինի շարային ծառայություն անցնել: Ծնողը կարո՞ղ է դիմել Ձեզ՝ ասելով, որ որդին ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայությանը, բայց զորամսում այդ կարգավիճակը չի պահվում, ունե՞ք ինչ-որ լծակներ՝ խնդիրը լուծելու համար:


— Ցանկացած դիմումի վերաբերյալ մենք միջամտելու իրավունք ունենք և միջամտում ենք, իսկ նման դիմումներ ստանում ենք: Առհասարակ այս հարցին Հասարակական խորհուրդը կարևոր նշանակություն է տալիս: Մեր ստուգայցերի ժամանակ մենք պարտադիր կերպով ստուգում ենք ոչ շարային հաստիքներում կատարած նշանակումները` նպատակ ունենալով բացառել հովանավորչության և սոցիալական անարդարության դրսևորումներն այս հարցում: Առողջական  խնդիրներ ունեցող զինվորների ծառայությունը կազմակերպելիս առավելագույնս պետք է հաշվի առնվի դրանց բնույթը, որը թույլ կտա օպտիմալ դերաբաշխում կատարել զինվորների միջև և ապահովել ծառայողական խնդիրների կատարման արդյունավետությունը, զինծառայողների բավարար ինքնազգացողությունը: Սա զորամասերի հրամանատարության անմիջական պարտականությունն ու պատասխանատվությունն է: 2010 և 2012 թվականներին պաշտպանության նախարարի հանձնարարությամբ այս հարցի կարգավորման նպատակով մշակվել և գործողության մեջ են դրվել նոր կանոնակարգեր:

—Իսկ հանձնաժողովը ո՞ղջ տարին է աշխատում, թե՞՝ զորակոչից-զորակոչ: 

—Հանձնաժողովն աշխատում է միայն զորակոչի ընթացքում, իսկ Հասարակական խորհուրդը՝ ամբողջ տարին:

Նշենք, որ առանձին դեպքերում հանձնաժողովը միջնորդում է, որպեսզի զորակոչիկները ծառայության զորակոչվեն բուժման կուրս անցնելուց հետո միայն: Իսկ զորակոչիկների բուժումը ամբողջապես կատարվում է պետպատվերի շրջանակներում:

Հիշեցնենք, որ հանձնաժողովին դիմում-բողոքներով կարելի է դիմել աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-17:00-ն՝ 52-34-86 հեռախոսահամարով:

 

One response to “Հանձնաժողովը 5 տարում զորակոչի առնչությամբ ստացել է 212 դիմում. 2011թ. 16 զորակոչիկ՝ միջնորդությամբ տարկետում է ստացել

  1. Pingback: ԱՊՀ-ն միասնական աշխարհատեղեկատվական համակարգ ստեղծելու նպատակ ունի. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *