Ադրբեջանում տեղեկատվական անվտանգության շուրջ բանակցում են խորհրդարանն ու պաշտպանության նախարարը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխխոսնակ, խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասքերովը 2014-ի հոկտեմբերի 17-ին՝ հայտնել է լրագրողներին, որ խորհրդարանը ներկայումս աշխատում է երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագիրը կատարելու համար, որը ենթադրում է տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցառումների անցկացում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Ադրբեջանի Միլլի Մեջլիս

Ադրբեջանի Միլլի Մեջլիս

Ասքերովը նշել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում խորհրդարանի և պաշտպանության նախարարի միջև ու եթե դրված նպատակներին հասնելու համար առաջանա օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն, ապա այդ հարցը կքննարկվի մեջլիսում։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է նախագահ Ալիևի կարգադրության կարևորությունը տեղեկատվական անվտանգության ապահովման համատեքստում։

Հիշեցնենք, որ 2014-ի սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց հրամանագիր, որով պետական մի շարք կառույցների կարգադրեց աշխատել սահմանային լարված միջադեպերի ժամանակ տեղեկատվության արտահոսքը կանխելու, սահմանամերձ զորամասերի օպերատիվ գործողություններին վերաբերող տեղեկատվության տարածումը լրատվամիջոցներում և սոցցանցերում վերահսկելու, ինչպես նաև սահմանամերձ բնակչության շրջանում քարոզչություն վարելու ուղղությամբ։

Նշենք, որ նախագահի այս հրամանագրի ստորագրմանը նախորդել էր 2014-ի օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակի կտրուկ սրումը։ Հուլիսի 31-ից օգոստոսի 4-ի ընթացքում ադրբեջանական կողմը հաստատեց 15 զինծառայողի մարտական կորուստը։ Ենթադրվում է, որ իրական կորուստները հայտարարվածից շատ են։ Նշված ժամանակահատվածում սոցցանցերում, ինչպես նաև ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում սկսեցին տարածվել տեղեկություններ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների տեղաշարժերի վերաբերյալ, որոշ հրապարակումներ ուղեկցվեցին նաև լուսանկարներով։

Ամենայն հավանականությամբ, հենց նմանօրինակ իրավիճակներից հետագայում խուսափելու համար է երկրի ղեկավարը ստորագրել հրամանագիր՝ նման բովանդակությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *