Հոկտեմբերի 9–10-ը Թուրքիայում շարունակվող բողոքի ցույցերի ու բախումների պատճառով զոհվել է ևս 10 մարդ, որոնցից երկուսը՝ ոստիկան , հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Թուրքիայում բախումներ են ոստիկանների ու ցուցարարների միջև: Ցուցարարները թուրքական իշխանություններից պահանջում են արձագանքել Քոբանիի մարտերին ու օգնել քրդերին
Բախումները շարունակվել են մի շարք քաղաքներում, փոխհրաձգություններ են եղել ոստիկանների ու ցուցարարների միջև: Մասնավորապես Դիարբեքիրում ցուցարարները երկու զենքի խանութ են թալանել, որտեղից գողացել են հրազենի 100-ից ավելի միավոր ու անհայտ քանակությամբ փամփուշտներ:
Բախումներ են եղել Մերսին քաղաքում, Բինգյոլում, որտեղ փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է շրջանի ժանդարմերիայի պետը ու ևս երկու ոստիկաններ:
Բողոքող երիտասարդների խմբերը շարունակել են պահանջել, որ Անկարան միջամտի Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից քրդաբնակ Քոբանի քաղաքում մղվող մարտերին ու օգնի «Իսլամական պետություն» խմբավորման դեմ կռվող քրդական ջոկատներին:
Ոստիկանության ու ցուցարարների միջև մի քանի օր շարունակվող բախումների արդյունքում արդեն մահացել է 32 մարդ, որոնցից երկուսը ոստիկան, սակայն թուրքական պաշտոնական աղբյուրները դեռևս տեղեկություններ չեն տալիս զոհերի մասին:
Անկարգությունները պայմանավորված են Քոբանիի մարտերի կապակցությամբ Թուրքիայի կրավորական կեցվածքով: Չնայած երկրի քաղաքացիները, մասնավորապես քրդերը պահանջում են, որ Թուրքիայի իշխանություններն օգնեն Քոբանիում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ կռվող քրդերին։ Սակայն թուրքական իշխանությունները մինչև հիմա հրաժարվում են որևէ կերպ միջամտել մարտերին:
Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում ու խոշոր քաղաքներում մի շարք բողոքի ցույցեր են եղել, որոնք ուղեկցվել են անկարգություններով ու բռնություններով: Ոստիկանների հետ բախումներում ցուցարարներն օգտագործել են մահակներ, քարեր, բռնկվող նյութերով շշեր և այլն, վառել են ավտոբուսներ ու մեքենաներ:
Թուրքիայի՝ տասնյակից ավելի խոշոր քաղաքում անկարգությունները ճնշելու համար թուրքական կառավարությունը պարետային ժամ է հայտարարել Վանում, Մուշում, Դիարբեքիրում, Սիիրիթում (Սղերդ), Մարդինում։ Հայտարարված պարետային ժամը չի օգնում, ու բախումները շարունակվում են:
Ավելացնենք, որ «Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղական իսլամիստներն արդեն 3-րդ շաբաթն է, ինչ հարձակումներ են գործում Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա։ Քրդերը, որոնց մի մասը նաև Թուրքիայից է, շարունակում են փոփոխակի հաջողոթյուններով մարտեր մղել Քոբանիի համար:
Իսլամիստները սպառազինված են զրահատեխնիկայով, այդ թվում նաև՝ տանկերով, ու հրետանային միջոցներով, որոնք ավելի վաղ առգրավել են Իրաքի կառավարական ուժերից։ Այս պահին «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման վերահսկողության տակ են Իրաքի և Սիրիայի հսկայական տարածքներ։
Pingback: Թուրքիան և Իրաքը պայմանավորվել են համագործակցել ռազմական և տեղեկատվության փոխանակման ոլորտներում | Ռազմ.info