Սեպտեմբերի 4–5 Ուելսում կայացած ՆԱՏՕ գագաթաժողովի ժամանակ Դաշինքի կազմի մեջ մտնելու Վրաստանի քայլերին ի պատասխան վերջինիս առաջարկվեց համագործակցության նոր փաթեթ։ Այն ենթադրում է Վրաստանում ուսումնական բազայի հիմնադրում, ռազմական դպրոցի և լոգիստիկ կենտրոնի բացում։
Այս մասին հոկտեմբերի 9-ին լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, հաղորդում է վրաստանյան «Մեդիանյուզ» լրատվական գործակալությունը։
«Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության փաթեթը ենթադրում է ոչ միայն համատեղ ուսումնական բազայի, այլ նաև ռազմական դպրոցի հիմնադրում, որտեղ պատրաստություն կստանան տարբեր երկրներից զինծառայողներ։ Իսկ ՆԱՏՕ-ի փաթեթի կետերի իրականացմանը հետևելու են հատուկ մասնագետներ, ովքեր աշխատելու են Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում», — հայտարարել է Իրակլի Ալասանիան։
Ալասանիայի հավաստմամբ, պաշտպանական գերատեսչությունը ՆԱՏՕ-ին արդեն ուղարկել է իր նկատառումները, թե ինչպիսին պիտի լինի ուսումնական բազան և սպասում է Դաշինքի անդամ պետությունների արձագանքին։
Իրակլի Ալասանիան անդրադարձել է նաև հոկտեմբերի 8-ին ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, թե «այդպիսի գործընթացները (ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի ստեղծումը Վրաստանում — Ռազմինֆո) կարող են կովկասյան տարածաշրջանում վտանգ դառնալ հավասարակշռության պահպանման համար»: Ալասանիան հակադարձել է՝ նշելով, որ տարածաշրջանի համար «ամենամեծ սպառնալիքը» հենց Ռուսաստանն է, և որ ուժեղ Վրաստանը կնշանակի ուժեղ աջակից տարածաշրջանում հավասարակշռության պահպանման համար:
Հոկտեմբերի 9-ին իր հերթին Վրաստանի վարչապետի ՌԴ հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշվիձեն հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ոչ մի վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի համար, և որ վերջինիս անվտանգությունը խախտում են չկարգավորված հարցերը»։ Նա հավելել է, որ պատրաստվում է Պրահայում այս հարցը քննարկել ռուսաստանյան իր գործընկերոջ հետ:
Ռուսաստանում սակայն այլ կարծիքի են: Էխո Կավկազա («Ազատություն» ռ/կ կովկասյան բաժինն է — Ռազմինֆո) ռադիոկայանի լրագրողը զրուցել է ռուսաստանյան ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Վիկտոր Բարանեցի հետ, ում հավաստմամբ Ռուսաստանի պատասխան քայլերը երկար չեն սպասեցնի իրենց:
«Ես չեմ բացառում, որ մեր կամ եթե ուզում եք մեր համատեղ սահմանապահների խմբի ուժեղացում կլինի սահմանին: Ես չեմ բացառում նաև, որ այնտեղ կարող են հայտնվել զենիթահրթիռային համալիրներ, հակատանկային միջոցներ, հրետանի: Կարծում եմ, որ Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված մեր ռազմաբազաները կարող են ուժեղացվել նույն կերպ, ինչպես անում է ՆԱՏՕ-ն Եվրոպայում», — ասել է Վիկտոր Բարանեցը:
Ռուսաստանյան քաղաքագետ Նիկոլայ Սիլաևն էլ փաստում է, որ այս խնդրում բախվում են միանգամից մի քանի մակարդակի փոխհարաբերություններ:
«Կան ՌԴ-ՆԱՏՕ, ռուս-ամերիկյան, ռուս-վրացական, վրաց-հարավօսական կամ վրաց-աբխազական մակարդակի փոխհարաբերություններ և գոյություն ունի այս համատեքստում ևս մեկ մեծ խնդիր` վրացական համայնքները Աբխազիայում և Հարավայն Օսիայում: Եվ Սուխումի կամ Ցխինվալի քայլերն ընդհանուր առմամբ կարող են և կապ չունենալ նրա հետ, թե ինչ է կատարվում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի կամ Մոսկվայի և Թբիլիսիի միջև», — նշել է Նիկոլայ Սիլաևը:
Ինտերֆաքս լրատվական գործակալությունն էլ, հղում անելով Վրաստանի առաջին հեռուստաալիքին, գրում է, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի հարցերով գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն հոկտեմբերի 10-ին հերքել է լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունները, թե ՆԱՏՕ-ն ուսումնական բազա է հիմնելու Վրաստանում, հայտնելով. «Քննարկվող հարցն առնչվում է Վրաստանի պաշտպանության նախարարության նոր ուսումնական բազային, և ՆԱՏՕ-ն իր աջակցությունը կունենա այդ գործում: Մեր խորհրդատու մասնագետները նույնպես կօգնեն», — ասել է Լահյուն:
Գրասենյակի ղեկավարը ներկայացրել է, որ Վրաստանը նմանատիպ ևս մեկ ուսումնական բազա արդեն ունի, որտեղ պատրաստում են ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներից լեռնային հրաձիգների: Այդ իսկ պատճառով նոր բազան չի կարելի համարել ՆԱՏՕ-ի բազա կամ ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն:
Pingback: ՆԱՏՕ-ն հրապարակել է Վրաստանին տրված համագործակցության նոր փաթեթի ներածական մասը | Ռազմ.info
Pingback: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում բացել է համատեղ ուսումնական կենտրոնը | Ռազմ.info