Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազան խոշոր զորավարժության է պատրաստվում

Անցկացվելիք զորավարժությանը կմասնակցեն ռազմաբազայի բոլոր ստորաբաժանումները, այդ թվում և Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիացիոն ստորաբաժանումները, հայտնում է ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 13–19 Կամխուդ ու Ալագյազ զորավարժարաններում անցկացվելիք մարտավարական զորավարժությանը մասնակցելու է ՌԴ զինված ուժերի մոտ 3000 զինծառայող, օգտագործվելու է մոտ 500 միավոր զրահատեխնիկա ու ավտոմեքենաներ, ինչպես նաև ՄիԳ-29 կործանիչներ:

Ռազմաբազայի ղեկավարությունը մտադիր է ստուգել պատրաստականության բարձր աստիճանի բերելու, ինչպես նաև տարբեր բնույթի ռազմական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների և դրանց հրամկազմի աշխատանքի արդյունավետությունը:

Վարժանքների ընթացքում ռազմաբազայի ստորաբաժանումները շուրջ 1000կմ երթեր են անելու: Նախատեսված է, որ 7 օրում կրակվելու է շուրջ 30 հազար հրետանային արկ, արձակելու են ավտոմատ հրանոթների ու խոշոր տրամաչափի գնդացիրների շուրջ 300 հազար կրակոց, ինչպես նաև սպառվելու է հրազենի շուրջ 900 հազար փամփուշտ:

Ավելացնենք, որ 102-րդ ռազմաբազայում անձնակազմի՝ 2014թ. ապրիլ-հունիս ամիսներին անցկացված փոխարինումից հետո սա առաջին խոշոր զորավարժությունն է: Մինչ այս ռազմաբազայի զրահատանկային, ավիացիոն, կապի, ինչպես նաև ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումները առանձին-առանձին մի շարք վարժանքներ արդեն կատարել են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *