Շնորհակալություն Ձեզ` Հայրենիքին նվիրված ու կարգապահ որդի դաստիարակելու համար: Այսպիսի տողերով շնորհակալագրեր Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանից Գեղարքունիքի և Տավուշի մարզի տասնյակ ծնողներ ստացան:
Նրանց որդիները բարեխիղճ կատարել ու կատարում են իրենց առջև դրված մարտական ու ուսումնական առաջադրանքները: Ցավոք, երկու մարզն էլ առաջնագծում վերջին լարվածության ժամանակ կորուստ են ունեցել:
Վաղ առավոտյան ճանապարհ ենք ընկնում միջոցառումներին ներկա լինելու համար: Առաջին կանգառը Մարտունի քաղաքում է:
Քաղաքապետարանի դիմաց ծնողներ են հավաքված, սպասում են իրենց որդիներին: Կարոտած գրկում են ու հիացած հայացքները հառում տղաներին:
Երևի երբեք չեն էլ պատկերացրել, որ մի օր բանակ ճանապարհելու ու տված դաստիարակության համար նրանց շնորհակալություն են հայտնելու:
Մոտենում է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Բոլորը միասին ներս են գնում դահլիճ տոնական միջոցառմանը մասնակցելու համար:
Օրը կարևորվում է ոչ միայն զինծառայողների ու իրենց ընտանիքների, այլ նաև Գեղարքունիքից Արցախ գնացած ազատամարտիկների համար: ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ ազատամարտիկներից շատերը պարգևատրվում են Արցախի ազատագրման գործում ունեցած դերակատարության համար:
Ազատամարտիկներին և սպայական կազմին պարգևատրելուց հետո զինծառայողների համար ամենացանկալի պահն է մոտենում: Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը յուրաքանչյուր զինվորի ծնողի ձեռքն է սեղմում, հանձնում շնորհակալագիրն ու շնորհակալություն հայտնում:
«Այս հանդիպումը նվիրված է հայ զինվորի ընտանիքին: Այս դահլիճում հավաքվածներն առանձնահատուկ են, քանի որ այստեղ հավաքված են ՊԲ-ում ծառայող լավագույն զինծառայողների ծնողները: Այսօր իմ զինվորն իրականացնում է բավականին բարդ խնդիր: Մեզ պատերազմը պարտադրում են, սակայն մենք մեր հակառակորդին ստիպում ենք հայ զինվորի հետ խոսել ոչ զենքի ուժով: Մեծ դերակատարություն ունեն այն ծնողներն, ովքեր նստած են այս դահլիճում: Եթե դուք չկրթեք, չդաստիարակեք, մեր խնդիրները բավականին դժվար կլինեն: Շատ կարևոր է, երբ բանակը համալրվում է հայրենասեր ու պատրաստված զինվորներով: Կարող եմ ասել` բանակի գործի կեսն արած եք ուղարկում. մեզ մնում է նրանց ռազմական գործ սովորեցնել»,- Մարտունիում նշեց Մովսես Հակոբյանը:
Մովսես Հակոբյանը նաև անդրադարձավ Տանկային բիաթլոն-2014-ին, հայ տանկիստներին ու ևս մեկ անգամ շնորհավորեց բոլոր զինծառայողներին ու նշեց, որ անձնակազմում եղել է նաև մարտունեցի զինծառայող:
Իսկ զինծառայողների ու նրանց ծնողների համար ամենամեծ նվերը կարճատև խրախուսական արձակուրդն էր: Մի քանի օր ծնողական ջերմության ու հոգատարության ներքո, որից հետո պիտի վերադառնան այդքան պատասխանատու գործին:
Մարտունուց հետո ճանապարհը տանում է դեպի սահմանապահ Տավուշ: Հերթը տավուշցիներին շնորհակալություն ասելունն է:
Ինչպես Մովսես Հակոբյանն է նշում`Արցախն ու Տավուշը նույն խնդիրն են իրականացնում: Երկուսն էլ անմիջական կապ ունեն հակառակորդի հետ, երկուսն էլ սահմանապահ են:
«Այսօր բանակում ծառայում են մեր ավագ սերնդի զավակները, ովքեր ոգևորվել են իրենց ծնողների հաղթանակով: Բայց այսօրվա սերնդի գործն ավելի բարդ է, քան մեր ժամանակ: Այսօրվա սերունդն ավելի մեծ պատասխանատվություն է զգում հայրենիքը պաշտպանելու գործում, ու հավաստիացնում եմ ձեզ, հայ զինվորն իր գործն անում է պատվով: Դրա ապացույցն են վերջին ժամանակների ռազմական գործողությունները: Բոլոր ժողովուրդները ինչ-որ ժամանակ անկախություն ձեռք բերեցին, իսկ մեզ ոչ ոք անկախություն չնվիրեց, մենք դա ձեռք բերեցինք մեր ընկերների արյան ու քրտինքի, մեր ժողովրդի աշխատանքի շնորհիվ: Եվ այսպիսի հանրապետությունը քացր է: Պատահական չէ, որ ձեր տղաները բանակում լավ են ծառայում: Միայն ու միայն այսպիսի ընտանիքներում ծնված զինվորների շնորհիվ է, որ կարողանում է բանակն իրականացնել երկրի անվտանգության ապահովման բարդ գործը»,- տավուշցիներին ողջունեց ու իր շնորհակալական խոսքն ասաց ՊԲ հրամանատարը:
Դարձյալ շնորհակալագրեր, երախտագիտության խոսքեր:
Զինծառայողներից մեկին հարցնում ենք` ինչ զգացողություն ունի` մի սահմանից մյուս սահման է գնացել: Ու մինչև ինքը կպատասխաներ, նրա հայրն ասում է` ի՞նչ տարբերություն, սահմանը` սահման է, իսկ հայրենիքը` մեկը:
Տավուշցի զինծառայող Տիգրան Արշակյանի հայրն է` Սամվել Արշակյանը: Միջոցառման ընթացքում հպարտ մեկ ՊԲ հյուրերին էր նայում, մեկ` որդուն: Խոստովանում է` դեռ երեկ տղա եմ բանակ ճանապարհել, իսկ այսօր տղամարդ եմ տեսնում նրան:
«Չեմ կարող նկարագրել, թե ինչքան հպարտ եմ, պատկերացնում եմ` ինչքան հպարտ են նաև մյուս ծնողները»,- ասում է Սամվել Արշակյանը:
Միջոցառումն ավարտվում է, իսկ ընտանիքների համար սկսվում սպասված արձակուրդի հաճելի ժամանակը:
Նկարները` Սոսե Մուրադյանի