ԱՄՆ-ն փորձարկել է իր Fury ուղղորդվող ռումբը՝ անօդաչուից նետելով

Textron Systems ամերիկյան ընկերությունն անցկացրել է Fury թեթև ուղղորդվող ռումբի առաջին փորձարկումները զորավարժարանի պայմաններում։ Փորձարկման ընթացքում ռումբը նետել են Shadow 200 անօդաչու թռչող սարքից։

Shadow 200 ԱԹՍ

Shadow 200 ԱԹՍ

Ինչպես հետևում է Textron Systems ընկերության մամուլի հաղորդագրությունից, փորձարկումներն ընթացել են դեռևս օգոստոսին ԱՄՆ Արիզոնա նահանգի Յումա զորավարժարանում։ Ռումբը հաջողությամբ խոցել է պայմանական թիրախը։ Ըստ աղբյուրի՝ ռումբի ստեղծումից ի վեր 16 ամիս է անցել։

Textron Systems ընկերության տվյալներով՝ ռումբը թեթև է, արժեքը բարձր չէ, կրում է GPS մոդուլ՝ ուղղորդման կիսաակտիվ լազերային գլխիկով և կարող է խոցել թիրախներ մինչև 1 մ ճշգրտությամբ։ Ռումբը հնարավոր է կիրառել թե´ անօդաչուների, թե´ թեթև գրոհիչ ինքնաթիռների վրա։ Նշենք նաև, որ ռումբն ունակ է խոցել զրահապատ տեխնիկա, լողացող օբյեկտներ և հակառակորդի կենդանի ուժ։

Նկատենք, որ Textron Systems ընկերությունն ավելի վաղ հաղորդել էր իր մեկ այլ արտադրանքի՝ G-CLAW թեթև ուղղորդվող ռումբի փորձարկումների մասին, որն իր հերթին կարող է թիրախներ ոչնչացնել մինչև 4 մ ճշգրտությամբ, այն կարող են կրել անօդաչուներն ու գրոհիչները։

Ինչ վերաբերում է Shadow 200 ԱԹՍ-ին, ապա վերջինիս արտադրողն ամերիկյան AAI Corporation ընկերությունն է։ ԱԹՍ-ն նախատեսված է հետախուզության և շրջադիտման համար, շարժիչը դիզելային է, երկարությունը՝ 3.4 մ, թևերի բացվածքը՝ 4.2 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 212 կգ, օգտակար բեռնվածությունը՝ 8-36 կգ, արագությունը՝ 175 կմ/ժ, թռիչքի տևողությունը՝ 9 ժամ, թռիչքի առաստաղը՝ 4575 մ, թռիչքի հեռավորությունը՝ 125 կմ։ Վայրէջք է կատարում ինքնուրույն, շասսիի օգնությամբ։ Թռիչք է կատարում հիդրոպնեվմատիկ կատապուլտի միջոցով։ Շահագործվում է ԱՄՆ-ում, Պակիստանում, Ավստրալիայում, Իտալիայում, Ռումինիայում և Շվեդիայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *