Իրանը ռազմաշքերթին իր նոր անօդաչուն և ռադիոտեղորոշման կայանն է ներկայացրել

Սեպտեմբերի 22-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում մեկնարկել է ռազմաշքերթների շարք՝ «Սրբազան պաշտպանության շաբաթվան» նվիրված։ Դրանցից մեկի ընթացքում ներկայացվել են Իրանում արտադրված Fath-2 (Ֆաթհ-2) նոր ռադիոտեղորոշման կայանը և Sadeq-1 (Սադեք-1) անօդաչու թռչող սարքը։

Sadeq-1 իրանական ԱԹՍ

Sadeq-1 իրանական ԱԹՍ

Ինչպես հաղորդում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը, Իրան-Իրաքյան պատերազմի օրվան նվիրված ռազմաշքերթներն ընթացել են մայրաքաղաք Թեհրանում և մի շարք այլ խոշոր քաղաքներում։ Թեհրանը զորահանդեսին ներկա են եղել երկրի նախագահ Հասան Ռուհանին, Իրանում այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդները, հասարակական գործիչներ։ Ռազմաշքերթներին մասնակցել են Իրանի ԶՈւ բոլոր ստորաբաժանումները՝ ցամաքային զորքերը, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և այլն։

Համաձայն իրանական աղբյուրների՝ Fath-2 ՌՏԿ-ն ունակ է թիրախներ հայտնաբերել մեծ հեռավորության վրա։ Հայտնաբերված թիրախների շարքում կարող են լինել անօդաչու թռչող սարքերը։ Ինչ վերաբերում է Sadeq-1 ԱԹՍ-ին, ապա դրա մասին քիչ բան է հայտնի։ Պարզ է միայն, որ այն ստեղծվել է ռադարների ու ՌՏԿ-ների փորձարկումներին կիրառելու նպատակով։

Հավելենք, որ Իրան-իրաքյան պատերազմը սկսվել է 1980-ի սեպտեմբերի 22-ին, երբ Իրաքի բանակը հարձակվել է իրանական Խուժիստան նահանգի վրա։ Պատերազմն ավարտվել է 1988-ի օգոստոսի 20-ին հրադադարի պայմանագրով։ Երկու պետությունների սահմանները մնացել են նախապատերազմյան շրջանի տարբերակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *