Ադրբեջանն ու հարավաֆրիկյան ընկերությունն ուղղաթիռների արդիականացման գործարան են հիմնելու

Հարավաֆրիկյան Paramount Group և ադրբեջանական AirTechServices Corporation ընկերությունները Բաքվում ընթացող ADEX 2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում համաձայնագիր են կնքել՝ համատեղ Paramount Aerospace Azerbaijan ընկերության ստեղծման համար։
Ինչպես հաղորդում է հարավաֆրիկյան Defenceweb.co.za կայքը, ստեղծվելիք ընկերությունը զբաղվելու է ուղղաթիռների և անշարժ թևերով թռչող սարքերի (ինքնաթիռների որոշ տեսակներ) վերանորոգմամն ու արդիականացմամբ։

Նշենք, որ Paramount Group-ը զբաղվում է այդ թվում աերոտիեզերական տեխնոլոգիաների ստեղծմամբ ու արդիականացմամբ։ Խոսքը նաև Մի-17, Մի-24 ուղղաթիռների, Սու-24 և Միգ-29 ինքնաթիռների մասին է։

Վերոհիշյալ համաձայնագիրը կնքել են Air Tech Services ընկերության տնօրեն Ֆուադ Սեիդալիևի և Paramount Group-ի գործադիր տնօրեն Այվոր Իչիքովիչը։ Ըստ աղբյուրի՝ կողմերը հույս են հայտնել, որ համատեղ ընկերությունն ԱՊՀ երկրներին նաև աերոտիեզերական սարքավորումներ տրամադրող տարածաշրջանային կազմակերպություններից կդառնա։

Հավելենք, որ Paramount Group-ի ներկայացուցիչները խոսել են Ադրբեջանին տրամադրվող «Մատադոր» (Matador ) և «Մարադյոր» (Marauder ) զրահամեքենաներից՝ շեշտելով՝ իրենք Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանն արդեն փոխանցել են ևս 6 միավոր «Մարադյորներ»։

Նկատենք, որ Paramount Group ընկերության տրամադրած մարտական հանգույցներով 2009-ից Ադրբեջանում հավաքվում են «Մատադոր» և «Մարադյոր» զրահամեքենաներ։ Համաձայն «Ռուսաստանյան զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» 2013-ի զեկույցի՝ 2011-ից Ադրբեջանում  հավաքել են 30-ական միավոր նշված զրահամեքենաներից։

Ուշագրավ է, որ 2013-ի փետրվարին Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել էր, թե իբր 45-ական միավոր «Մարադյոր» և «Մատադոր» զրահափոխադրիչների ընդհանուր արտադրության մեծ մասն արդեն ավարտված է, սակայն արդեն 2014-ի հունիսի 7-ին հանդես էր եկել մեկ այլ հայտարարությամբ՝ 2015-ին Ադրբեջանը կարտադրի ևս 60 միավոր զրահափոխադրիչ ու այդպիսով կավարտվի երկկողմ պայմանագրի կատարումը Paramount Group ընկերության հետ։ Անցնող 5 տարիներին հաջողվել է արտադրել նախատեսված 90 զրահափոխադրիչներից միայն 30-ն ու նման տեմպերի առկայության դեպքում անհասկանալի է, թե Ադրբեջանի ռազմարդյունաբերության ձեռնարկություններն ինչպես են նախատեսում մեկ տարում արտադրել մնացյալ 60-ը։

Տեղեկացնենք, որ Paramount Group-ը Kazakhstan Engineering և Kazakhstan Engineering Distribution ղազախստանյան ընկերությունների հետ Ղազախստանի տարածքում զրահամեքենաների հավաքման գործարան է կառուցում, որին վերաբերող պայմանագիրը կնքվել է 2013-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *