ՌԴ-ի հետ համատեղ զորավարժությունը չեղյալ է համարվել. պատճառն Ուկրաինայի դեպքերն են

ԱՄՆ-ն ու Կանադան չեղարկել են Ալյասկայում ՌԴ-ի հետ համատեղ Vigilant Eagle 2014 զորավարժությունները Ուկրաինայի հարցում ՌԴ-ի որդեգրած դիրքորոշման պատճառով։

Vigilant Eagle 2013 զորավարժությունից մի հատված

Vigilant Eagle 2013 զորավարժությունից մի հատված

Ինչպես հաղորդում է Fairbanks Daily News-Miner պարբերականը, հղում կատարելով Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության (NORAD) ներկայացուցչի խոսքերին, այս զորավարժությունները պետք է որ անցկացվեին 2014-ի օգոստոսին Անքորիջում Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի հետ համատեղ։ Դրանք չեղյալ են հայտարարվել Պենտագոնի և Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի որոշմամբ։ Ընդ որում, NORAD-ի ներկայացուցիչ Ռութ Քասթրոն ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է, որ իրականում վարժանքները չեղարկելու որոշումը կայացվել էր դեռևս 2014-ի մարտին, երբ Ղրիմն ընդգրկվել էր ՌԴ-ի կազմում։

Նշենք, որ ամենամյա Vigilant Eagle զորավարժություններն անցկացվում են 2007-ից։ Դրանք կազմված են 2 փուլից։ Առաջինում գործարկում են մարտական ինքնաթիռներ, իսկ երկրորդում անցկացնում են հրամանատարաշտաբային և համակարգչային վարժանքներ։ 2013-ին վարժանքների մասնակիցները մշակել էին օդում պայմանական ահաբեկիչների կողմից առգրավված ինքնաթիռի ուղեկցման գործողություններ։

Հավելենք, որ 2014-ի փետրվարի 22-ին, Ուկրաինայում Մայդանի հակակառավարական ցույցերի արդյունքում իշխանափոխություն եղավ. Գերագույն ռադան գահընկեց արեց նախագահ Վիկտոր Յանուկովիչին, նրա պաշտոնակատար նշանակվեց Ալեքսանդր Տուրչինովը։

2014-ի մարտի 16-ին անցկացված հանրաքվեով Ղրիմն անջատվեց Ուկրաինայից և գերադասեց մտնել Ռուսաստանի կազմի մեջ։ Հանրաքվեից երկու օր անց՝ մարտի 18-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, որով կարգադրեց ներառել արդեն անկախացած Ղրիմի Հանրապետությունը ՌԴ կազմի մեջ։ Ուկրաինայի իշխանությունները, ինչպես նաև արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, հանրաքվեն վավեր չեն ճանաչում մինչ օրս։ Հանրաքվեից հետո ՌԴ-ի դեմ միջազգային մակարդակով պատժամիջոցներ են սահմանվել։

Բացի այդ, Ուկրաինայի հարավ-արևելքում 2014-ի ապրիլի կեսերից բախումներ են ընթանում ուկրաինացի ուժայինների և տեղի ապստամբների զինված խմբերի միջև։ ՄԱԿ-ի տվյալներով՝ 2014-ի ապրիլի կեսերից մինչ օրս Ուկրաինայի տարածքում սպանվել են ավելի քան 2.5 հազար խաղաղ բնակիչներ, վիրավորվել են 6 հազարը։ 2014-ի մայիսին Պյոտր Պորոշենկոն դարձել է Ուկրաինայի նախագահ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *