16 միավոր զրահատեխնիկա է տրամադրվել ուկրաինական զինված ուժերին

Ուկրաինական «Ուկրօբորոնպրոմ» պետական ռազմարդյունաբերական գործակալության մեջ մտնող Ժիտոմիրի զրահատանկային գործարանը 16 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկա, այդ թվում՝ զրահափոխադրիչներ ու հետևակի մարտական մեքենաներ է տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին՝ երկրի հարավ-արևելքում շարունակվող մարտերին օգտագործելու համար, հայտնում է «Ուկրօբորոնպրոմի» կայքը:

Ուկրաինայի զինված ուժերին տրվող նորոգված ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենա

Ուկրաինայի զինված ուժերին տրվող նորոգված ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենա

Կապիտալ վերանորոգումից հետո գործարանը զինված ուժերի ստորաբաժանումներին է հանձնել դեսանտի մարտական մեքենաներ, հետևակի մարտական մեքենաներ, զրահապատ նորոգման-տարհանման մեքենաներ, որոնց կոնկրետ մակնիշները չեն նշվում:

Գործարանի տնօրենը նշել է, որ բացի մատակարարումները, գործարանի աշխատակիցները խմբերով մեկնում են նաև ռազմական գործողությունների տարածքներ ու դաշտային պայմաններում նորոգում զինված ուժերի ստորաբաժանումների վնասված զրահատեխնիկան:

Ավելացնենք, որ ուկրաինական գործարաններում եղած զրահատեխնիկան նորոգելու ու զինված ուժերին հանձնելու մասին որոշում կար դեռևս 2014-ի ապրիլից: Այն ժամանակ նշվում էր, որ ազգային գվարդիայի ու զինված ուժերի զորամասերի համալրման համար «Ուկրօբորոնպրոմն» առաջիկայում կտրամադրի 74 միավոր զրահատեխնիկա, իսկ հետագայում դրանց քանակը կհասցնի 100 միավորի։

74-ից 58 միավորը տրամադրելու էր Խարկովի մեքենաշինության կոնստրուկտորական բյուրոն, մնացած 16 միավորը Կիևի, Ժիտոմիրի ու Նիկոլաևի զրահատանկային գործարանները: Զրահատեխնիկայի մեջ մտնում էին ինչպես զրահափոխադրիչներ, այնպես էլ մարտական ու սպասարկող նշանակության մի շարք մեքենաներ:

Նշենք, որ այս մեքենաների հետ զուգահեռ ուկրաինական ուժայինները՝ մասնավորապես ազգային գվարդիան ու զինված ուժերը ժամանակ առ ժամանակ ստանում են նաև ԲՏՌ-3, ԲՏՌ-4 զրահափոխադրիչներ, Տ-64 տանկեր, նախատեսվում է, որ սպառազինության ընդունվելուց հետո նրանց կմատակարարեն նաև Դոզոր-Բ զրահամեքենաներ: Այս զրահատեխնիկան նրանք կիրառում են երկրի հարավ-արևելքում ապստամբությունը ճնշելու համար: Զրահատեխնիկայից արդեն մի շարք նմուշներ ոչնչացվել են հենց այնտեղ մղվող մարտերի ընթացքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *