Թուրքիան 31 միավոր F-16 է կորցրել շահագործման տարիներին

Թուրքիայի զինված ուժերը F-16 կործանիչները շահագործելուց ի վեր արդեն 31 նման ինքնաթիռ են կորցրել։ Նման տվյալներ է հրապարակել թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։

F-16D, վթարի վայրը, լուսանկարը` AA-ի

F-16D, վթարի վայրը, լուսանկարը` AA-ի

Միջին վիճակագրությամբ այս ցուցանիշը զգալի ավել է F-16 կործանիչի հեղինակ և հիմնական շահագործող Միացյալ Նահանգների ցուցանիշից։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի յուրաքանչյուր 100 միավոր F-16 կործանիչից 13-ը կործանվել է։ Այս ցուցանիշը տոկոսային հարաբերությամբ 5 անգամ ավել է, քանի Միացյալ Նահանգներում։

Թուրքիայի զինվուժի կազմում հաշվում են շուրջ 240 միավոր F-16 կործանիչներ, որից 31-ը փաստորեն վթարվել է։ Համեմատության համար, ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցն ու հարևանը՝ Հունաստանը, որի հետ Անկարան ոչ միանշանակ հարաբերություններ ունի, կորցրել է միայն մեկ F-16 կործանիչ։

Թուրքիան 2014 թվականի ընթացքում արդեն կորցրել է 2 F-16 կործանիչ։ Վերջին դեպքը սեպտեմբերի 2-ին էր Դիարբեքիրում՝ վայրէջքի պահին. կին օդաչուն կարողացել էր փրկվել։

F-16 Fighting Falcon կործանիչն արտադրում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը։ F-16-ը շահագործվում է 1978-ից և առկա է աշխարհի շուրջ 25 երկրների ռազմաօդային ուժերում։ Այն կարող է զարգացնել մինչև 2 120 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15 240 մետր է։ Սպառազինությունում կործանիչն ունի 20 մմ-անոց ավիացիոն 1 հրանոթ և ամրակցման 11 կետ՝ տարբեր նշանակության հրթիռների և ռումբերի համար։

Թուրքիայի զինված ուժերը, պաշտոնական տվյալներով, ձեռք են բերել 196 միավոր F-16C և 44 միավոր F-16D կործանիչ, որոնք շահագործվում են Թուրքիայում 1987 թվականից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *