Ռուսաստանցի տանկիստները դուելների կհրավիրեն միմյանց

Տանկիստների պատրաստման համար Ռուսաստանի զինված ուժերում նոր վարժաձև են մտածել՝ տանկային դուելներ: Դուլներին՝ տանկային մենամարտերին, միմյանց հրավիրելու են տանկային ստորաբաժանումների վաշտերի հրամանատարները, ինչից հետո երկու վաշտերը 10-ական տանկերով «մարտ» են վարելու իրար դեմ, հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանի զինված ուժերի տանկը վարժանքների ժամանակ

Ռուսաստանի զինված ուժերի տանկը վարժանքների ժամանակ

Առաջինը այս ձևով պատրաստվելու են ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական օկրուգի տանկիստները, հայտնել է օկրուգի հրամանատարի խորհրդական, գնդապետ Յարոսլավ Ռոշուպկինը: Պաշտոնյան նշել է, որ տանկային մենամարտերի ժամանակ տանկերը թաքնվելու են, փնտրելու են իրար ու կրակեն ուսումնական արկերով ու ուսումնական կառավարվող հակատանկային հրթիռներով:

Կազմակերպիչների հավաստմամբ՝ նման մրցույթները խթան կլինեն տանկիստների համար, որպեսզի նրանք ինքնուրույն փորձեն կատարելագործել իրենց գիտելիքները: Դրա շնորհիվ տանկիստները կսովորեն ոչ միայն երթային ու կրակային վարժությունները կատարել, այլև մոտ կլինեն մարտական պայմաններին:

Ավելացնենք, որ տանկային մենամարտեր անցկացնելու փորձ արդեն եղել է Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում: «Տանկը տանկի դեմ» մարտի ժամանակ տանկիստներն ընտրում են նոր կրակային դիրքեր, դիրքավորվում, թաքնվում, փոխում դիրքը, փնտրում «հակառակորդին» ու փորձում խոցել նրան ուսումնական արկերով, որոնք չեն վնասում տանկերը, սակայն հնարավորություն են տալիս գրանցել «խոցումները»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *