Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության են եկել կրակի դադարեցման շուրջ

Օգոստոսի 26-ին Իսրայելն ու Պաղեստինը Եգիպտոսի միջնորդությամբ հայտարարել են կրակի դադարեցման տևական համաձայնության մասին։ Այս տեղեկությունը հաստատել է Իսրայելի վարչապետի ներկայացուցիչը։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, հրադադարն այնուհանդերձ չի ապահովելու մարտական գործողությունների իսպառ կասեցում, քանի որ Իսրայելը հայտարարել է՝ պաղեստինցիների հետ բանակցությունների սեղանի շուրջ կնստի միայն «պաղեստինցիների՝ Իսրայելին ուղղված ահաբեկչական գործողությունների և հարձակումների դադարեցումից հետո»։ Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքում էլ որոշվելու է Գազայի հատվածի ճակատագիրը։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Իսրայելի էկոնոմիկայի նախարար Նաֆթալի Բենեթը դեմ է հանդես եկել հրադադարին՝ պահանջելով քվեարկություն կազմակերպել այս հարցով, սակայն վարչապետ Բենյամին Նեթանյահուն մերժել է առաջարկը։ Վարչապետը հրադադարի որոշումն անվանել է «Իսրայելի քաղաքական ու ռազմական մեծագույն հաղթանակ»։

Իր հերթին, Պաղեստինի վարչապետ Մահմուդ Աբբասը շնորհակալություն է հայտնել Եգիպտոսին իր միջնորդության համար։

Հավելենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 8-ին հայտարարել էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռային չդադարեցվող հարվածներն են։

Հավելենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 8-ին հայտարարել էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռային չդադարեցվող հարվածներն են։

Ըստ փորձագետների՝ Իսրայելի ակտիվությունը կապված է 3 իսրայելցի պատանիների սպանության հետ։ Հունիսի 12-ին նրանց առևանգել էին, Իսրայելը նույն օրն առևանգման պատասխանատու էր հայտարարել ՀԱՄԱՍ-ին։ Ավելին, հունիսի 26-ին Իսրայելի անվտանգության համընդհանուր ծառայությունը հրապարակել էր ՀԱՄԱՍ-ի 2 ակտիվիստների լուսանկարները և տվյալները, որոնք, ըստ իսրայելական կողմի, մեղավոր են առևանգման հարցում։

Օրեր անց պատանիների դիերը հայտնաբերել էին Հորդանան գետի արևմտյան ափին՝ Հևրոն քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածում։ ՀԱՄԱՍ-ը հերքել է, թե իր անդամները որևէ առնչություն ունեն պատանիների սպանության հարցում։

Այնուհանդերձ, Իսրայելի ուժայիններն այդ օրվանից ի վեր մի շարք գործողություններ էին իրականացրել, որոնց արդյունքում ձերբակալվել է 400 արաբ, որոնց շարքում են ՀԱՄԱՍ-ի անդամներ, պաղեստինցի քաղաքական գործիչներ։

Բացի այդ, ձերբակալվել էին 57 պաղեստինցիներ, որոնց 2011-ին ազատ էին արձակել իսրայելցի առևանգված զինծառայող Հիլադ Շալիթի ազատման դիմաց։ Իսրայելի զինծառայողներն այս ընթացքում խուզարկել էին մոտ 3 հազար շինություններ, այդ թվում՝ հեռուստաընկերությունների ու թերթերի գրասենյակներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *