Թաիլանդին «Օպլոտների» տրամադրումը ուժի մեջ է. նոր խմբաքանակը կուղարկեն առաջիկայում

Մինչ 2014-ի հոկտեմբերի վերջ ուկրաինական «Մալիշևի անվան գործարանը» նախատեսում է Թաիլանդ ուղարկել վերջինիս պատվիրած 49 միավոր «Օպլոտ» տանկերից 5 միավորանոց ևս մեկ խմբաքանակ: Այս մասին, ըստ ուկրաինական sq.com.ua կայքի, հայտնել է գործարանի տնօրեն Նիկոլայ Բելովը:

Պաշտոնյայի խոսքով՝ ներկայում տանկերը արտադրության վերջնական փուլում են, որի ավարտից հետո տանկերը երթային ու կրակային փորձարկումների կենթարկեն, ինչից հետո էլ կուղարկեն պատվիրատուին: Բացի այդ, արտադրության փուլում են արդեն հաջորդ խմբաքանակի տանկերը: Դրանց մի մասի իրաններն են պատրաստ, մյուսների դեպքում ավարտվել են հավաքման աշխատանքները և այլն:

Ուկրաինական կողմը նախատեսում է Թաիլանդի պատվիրած տանկերի մատակարարումը ավարտել մինչև 2015 թվականի վերջ:

Թաիլանդին տրամադրված Տ-84Ու Օպլոտ հիմնական մարտական տանկերը

Թաիլանդին տրամադրված Տ-84Ու Օպլոտ հիմնական մարտական տանկերը

Ավելացնենք, որ Տ-84Ու «Օպլոտ» տանկերի տրամադրման մասին պայմանագիրը Ուկրաինայի ու Թաիլանդի միջև կնքվել է 2011-ի սեպտեմբերին։ Ըստ պայմանագրի՝ ուկրաինական կողմը 49 միավոր «Օպլոտ» է տրամադրելու Թաիլանդին։ Ենթադրվում է, որ պայմանագրի արժեքը մոտ 230 մլն ԱՄՆ դոլար է, իսկ ամբողջ գումարի տրամադրումը Թաիլանդի կողմից իրականացվելու է 3 տարիների ընթացքում։

Թաիլանդի համար նախատեսված տանկերի արտադրությունը Ուկրաինայում սկսվել է դեռևս 2012-ին։ Նշված տանկերն իրենց երթային ու կրակային փորձարկումներն անցել են սեպտեմբերին։ Դրանք արդեն տրամադրել են Թաիլանդին:

«Օպլոտները» կփոխարինեն թաիլանդական սպառազինության մեջ մտնող M41 ամերիկյան հնացած տանկերը։ Ենթադրվում է, որ ամերիկյան տանկերն ամբողջությամբ փոխարինելու համար անհրաժեշտ կլինի շուրջ 100 միավոր հիմնական մարտական տանկ։

Նշենք, որ նույն Թաիլանդին զրահատեխնիկա տրամադրելու մեկ այլ գործարք ներկայում կիսատ է ու հասկանալի չէ՝ ավարտին կհասցվի, թե ոչ: Խնդիրն այն է, որ 2011-ին Ուկրաինան Թաիլանդի հետ պայմանագիր է կնքել, որով նախատեսված էր, որ ուկրաինական կողմը պատվիրատուին է փոխանցելու 121 միավոր ԲՏՌ-3 զրահափոխադրիչներ: Սակայն պայմանագրի կատարումը ներկայում օդից է կախված, քանի որ ուկրաինական ճգնաժամի պատճառով երկրի ուժային կառույցներում՝ մասնավորապես զինված ուժերում ու ազգային գվարդիայում, զրահափոխադրիչների խիստ կարիք կար, ու չի բացառվում, որ թաիլանդական կողմի համար նախատեսված զրահափոխադրիչները տրված լինեն հենց ուժայիններին:

Նման պայմաններում Ինդոնեզիան հրաժարվեց ուկրաինական արտադրության 50 միավոր ԲՏՌ-4 զրահափոխադրիչներ գնելու ծրագրից ու պատճառաբանեց դա Ուկրաինայում ստեղծված անկայուն իրավիճակի պատճառով: Ինդոնեզական կողմը հայտարարեց, որ երաշխիք չունի, որ ուկրաինական կողմը կկարողանա մինչև վերջ իրագործել հնարավոր պայմանավորվածությունը:

«Օպլոտ» տանկը սպառազինված է 125 մմ հարթափող թնդանոթով, զենիթային 12, 7 մմ ու թնդանոթին կցված 7,62 մմ գնդացիրներով։ Տանկի վրա տեղադրված է հակատանկային հեռակառավարվող հրթիռների «Կոմբատ» արձակման կայան։ Պաշտպանված է «Դուպլետ» դինամիկ պաշտպանության ու «Վարտա» ակտիվ պաշտպանության համակարգերով։

«Օպլոտի» վրա տեղադրված է 1200 ձիաուժանոց 6ՏԴ-2Ե դիզելային շարժիչ, որի միջոցով տանկը զարգացնում է մինչև 70 կմ/ժ արագություն։ Տանկի զանգվածը 51 տոննա է, անձնակազմը՝ 3 հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *