Հակատանկային ստորաբաժանումների վարժանքներ ադրբեջանական բանակում

Ադրբեջանի զինված ուժերի մարտական պատրաստության 2014 թվականի տարեկան պլանի համաձայն, ուսումնական մի շարք զորավարժարաններում մեկնարկել են հակատանկային ստորաբաժանումների վարժանքներ, որոնց ընթացքում զինծառայողները պետք է սովորեն նաև հակառակորդի զրահատեխնիկայի խոցելի տեղերն ու կարողանան հմուտ օգտագործել այդ գործոնը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Վարժանքներ՝ «Ֆագոտ» համալիրի կիրառմամբ

Վարժանքներ՝ «Ֆագոտ» համալիրի կիրառմամբ

Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը վարժանքներում ընդգրկված զինծառայողներից պահանջել է «իրենց ողջ ներուժը կենտրոնացնել մարտական և բարոյահոգեբանական պատրաստության, փոխգործակցության հղկման և զրահատեխնիկայի դեմ պայքարի մեթոդների վրա»։

Դատելով վարժանքների լուսանկարներից, դրանցում կիրառվում են «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համալիրներ, զինծառայողները հմտանում են նաև հակատանկային նռնակների նետման և հակառակորդի տանկային անձնակազմի գերեվարման գործողություններում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Ադրբեջանի զինված ուժերում մեկնարկել էին նաև ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների վարժանքեր, որոնց ընթացքում ի թիվս այլ զինատեսակների, կիրառվել էր նաև զենիթահրթիռային Բուկ-ՄԴ համալիր և Ս-300 համակարգ։

Խորհրդային նախագծման «Ֆագոտ» (ռուս.՝ ПТРК Фагот) հակատանկային հրթիռային համալիրը շահագործվում է 1970 թվականից։ Հակառակորդի զրահատեխնիկան համալիրը կարող է խոցել 70-ից մինչև 3 000 մետր հեռավորության վրա։ Արտադրողի հավաստմամբ, ուղիղ անկյան տակ թիրախին հասնելու դեպքում Ֆագոտի հրթիռը կարող է խոցել մինչև 60 սմ հաստությամբ զրահ։

Հավելենք, որ «Ֆագոտ» համալիրն առկա է նաև հայկական զինված ուժերի սպառազինությունում։

Պայմանական հակառակորդի տանկային անձնակազմի գերևարում

Պայմանական հակառակորդի տանկային անձնակազմի գերեվարում

Հակատանկային նռնակի նետում

Հակատանկային նռնակի նետում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *