Զինվորի մահվան փաստով քրգործ է հարուցվել

19-ամյա ժամկետային զինծառայող Արմեն Սարգսի Հարությունյանը մահացել է մարտական ականի պայթյունից: ՀՀ ՊՆ քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանը, Razm.info-ի հետ զրույցում փաստեց, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օրի 376 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Կատարվում է նախաքննություն, դեռևս կալանավորվածներ կամ ձերբակալվածներ չկան:

Նշենք, որ նախնական վարկածով՝ ոչ թե ուսումնական, այլ մարտական ականը պայթել է տեղադրելիս, որի հետևանքով Արմեն Սարգսի Հարությունյանը մահացել է:

Դեպքի մասին մայիսի 20-ին տեղեկացրել էր «Ասպարեզ» լրատվամիջոցը, որի հետ զրույցում մահացած զինծառայողի հարազատները նշել էին, որ զինվորը մահացել է Հադրութի շրջանին հարող զորամասերից մեկում և բանակ է զորակոչվել Գյումրիից՝ 2011-ի դեկտեմբերի 28-ին:

Հարազատները «Ասպարեզին» պատմել են, որ զինվորը մահացել է ուսումնական վարժանքի ժամանակ, երբ վարժություններ են կատարել նռնակներով. «Վարժական նռնակների արկղում բոլոր վարժական` ոչ վտանգավոր, նռնակների հետ մեկական մարտական նռնակ է եղել, իսկ զինվորները չեն իմացել, եւ Արմենը, փաստորեն, զոհվել է այդ նռնակի պայթյունից»:Զինվորի մահը հաստատող բժշկական փաստաթղթում (N 206091545818, 18.05.2012) ասվում է. «Կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի զույգ վերին եւ ստորին վերջույթների համակցված ականապայթյունային վնասվածք», ստորագրված է` բժիշկ Մելքոնյան Հ.Ֆ.: Մահվան պատճառը, ըստ բժշկի նշման, անորոշ է: Զինծառայողի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել մայիսի 20-ին:

One response to “Զինվորի մահվան փաստով քրգործ է հարուցվել

  1. Pingback: Թեժ գիծ ՊՆ-ում՝ զորակոչի ընթացքում առկա բողոքների համար. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *