ԱՄՆ-ն առաջարկել է Խորվաթիային սեփական օդուժի Մի-8 ուղղաթիռները նվիրել Ուկրաինային

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու գործում փորձում է ներգրավել երրորդ երկրներին, որոնց թվում է նաև Խորվաթիան։ Վերջինին արվել է առաջարկ՝ սեփական ավիապարկում առկա Մի-8ՄՏՎ բեռնատար ուղղաթիռները անհատույց փոխանցել Ուկրաինային ու դրա փոխարեն Միացյալ Նահանգներից կրկին անվճար հիմունքով ստանալ ազգային գվարդիայի շարքերում շահագործվող UH-60M Black Hawk բազմանպատակային ուղղաթիռներ։ Այս մասին հայտնում է խորվաթական «Jutarnji List» էլեկտրոնային պարբերականը։

Մի-8ՄՏՎ բեռնատար ուղղաթիռ. Խորվաթիայի ՌՕՈւ

Մի-8ՄՏՎ բեռնատար ուղղաթիռ. Խորվաթիայի ՌՕՈւ

Փոխանակման նման հնարավորությունը քննարկել են Խորվաթիայի պաշտպանության նախարար Անթե Կոտրոմանովիչն ու ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի պատվիրակության ղեկավար Հարոլդ Ռոջերսը։

Ստույգ պայմանավորվածություն կողմերի միջև դեռևս չկա, սակայն 2014-ի սեպտեմբերին այս հարցի քննարկման շուրջ ակնկալվում է նոր հանդիպում, որի ընթացքում ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարթին Դեմփսին։

Նշենք, որ Խորվաթիայի ռազմաօդային ուժերի ավիապարկում ներկայումս առկա է 14 միավոր Մի-8ՄՏՎ և 10 միավոր Մի-171Շ (ռուս.՝ Ми-8МТВ, Ми-171Ш) ուղղաթիռ։ Ավելի վաղ երկրի պաշտպանության նախարարությունը սկսել էր Մի-8ՄՏՎ ուղղաթիռներից 6-ի հիմնովին նորոգման աշխատանքները, որոնք, սակայն, մնացել են անավարտ, քանի որ Ղրիմի անեքսիայից հետո դադարել է անհրաժեշտ պահեստամասերի մատակարարումը Սևաստոպոլից։

Պետք է նշել նաև, որ Խորվաթիայի պաշտպանության նախարարությունը շուրջ 20 միավոր UH-60M Black Hawk (Սև Շահեն) ուղղաթիռ գնելու մտադրություն ուներ դեռ շատ ավելի վաղ, ուստի շատ հավանական է, որ Միացյալ Նահանգների առաջարկած փոխանակման տարբերակը Խորվաթիայի համար լինի ընդունելի։ Ուղղաթիռներից բացի, ամերիկյան կողմն առաջարկում է նաև օդաչուների վերապատրաստում և անհրաժեշտ պահեստամասերի մատակարարում։

Ռուսաստանյան արտադրության Մի-8ՄՏՎ-ն հանրահայտ Մի-8 բեռնատար ուղղաթիռի հերթական մոդիֆիկացիան է։ Այն կարող է փոխադրել մինչև 24 դեսանտային և զարգացնել մինչև 250 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 6 000 մետր է։

Ամերիկյան Սիկորսկի ուղղաթիռաշինական ընկերության արտադրած UH-60M բազմանպատակայաին ուղղաթիռը կարող է փոխադրել 11 դեսանտային, զարգացնել 295 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 5 800 մետր է։ Ի տարբերություն Մի-8-ին, «Բլեք հոքն» ունի շատ ավելի կատարելագործված և տարատեսակ սպառազինություն, որր թվում են ինչպես չկառավարվող, այնպես էլ լազերային նշանառությամբ հրթիռներ։

UH-60M Black Hawk ուղղաթիռ

UH-60M Black Hawk ուղղաթիռ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *