Մերձմոսկովյան Ժուկովսկում ավարտվեց սպառազինության խոշոր ցուցահանդեսը (ֆոտո, վիդեո)

Մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքում 2014-ի օգոստոսի 13-ից 17-ն անցկացվեց «Մեքենաշինության տեխնոլոգիաներ-2014» և «Օբոռոնէքսպո-2014» միջազգային խոշորագույն երկյակ ցուցահանդեսներից հերթականը, որի ընթացքում ներկայացվեցին ռուսաստանյան ռազմարդյունաբերության զգալի թվով նմուշներ։ Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին մասնակցում էին նաև միջազգային 8 ընկերություն Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից և մի շարք այլ երկրներից։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Ս-400 զենիթահրթիռյաին համակարգերը ցուցահանդեսին

Ս-400 զենիթահրթիռյաին համակարգերը ցուցահանդեսին

Ցուցահանդեսին մասնակից ռուսաստանյան 212 ընկերություններից 49-ը ներկայացնում էին ռազմական արտադրանք։ Այս ոլորտի նմուշներ էին ցուցադրում նաև արտասահմանյան ընկերություններ Հնդկաստանից, Բելառուսից, Չինաստանից, Գերմանիայից և Միացյալ Նահանգներից։

Ցուցահանդեսն իր մեջ ներառում էր նաև նորույթ՝ ի դեմս «Ֆորսաժ» ծրագրի, որի շրջանակներում արագությամբ միմյանց հետ մրցում էին սպորտային ժամանակակից ավտոմեքենաներն ու ինքնաթիռները, որոնց թվում էին նաև ՄիԳ-29 և Սու-30 ռեակտիվ կործանիչները։

Նշենք, որ ռազմական ցուցահանդեսը բաց էր ոլորտով հետաքրքրվող քաղաքացիների այցելության համար ու միևնույն ժամանակ կրում էր գործնական բնույթ՝ արտասահմանյան շուրջ 100 պատվիրակություններին ընձեռելով հնարավորություն՝ ծանոթանալ ներկայացված սպառազինությանն ու դրանցով հետաքրքրվելու դեպքում հաստատել շփումներ՝ հետագա հնարավոր գործարքների կնքման համար։

Ձախից՝ աջ. Ս-400 ԶՀՀ, Պանցիր-Սէ, Տոռ-Մ2Է  զենիթահրթիռային համալիրներ

Ձախից՝ աջ. Ս-400 ԶՀՀ, Պանցիր-Սէ, Տոռ-Մ2Է զենիթահրթիռային համալիրներ

Այսպես, Ռոսօբոռոնէքսպորտ պետական միջնորդ ընկերությունը, որին բաժին է հասնում ռուսաստանյան արտահանվող սպառազինության շուրջ 80 տոկոսը, ցուցահանդեսին ներկայացրել էր զրահատեխնիկայի, հրետանու և հակաօդային պաշտպանության միջոցների նորագույն մի շարք նմուշներ։ Դրանց թվում էին Տ-90 տանկը, ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենան, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, «Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցը, «Խրիզանտեմա-Ս» հակատանկային ինքնագնաց համալիրը, «Կորնետ-ԷՄ» հակատանկային համալիրը, հակաօդային պաշտպանության «Պանցիր-Սէ», «Տոռ-Մ2Է» և «Բուկ-Մ2Է» համալիրները։ Ներկայացված էին նաև ուղղաթիռային ավիացիայի մի շարք նմուշներ, որոնց թվում Կա-52 «Ալիգատոր», Մի-28ՆԷ «Նոչնոյ օխոտնիկ» (գիշերային որսորդ) և Մի-35Մ հարվածային, ինչպես նաև Մի-17 բեռնատար ուղղաթիռներ։

Ռուսաստանյան հրազենի նկատմամբ իր համակրանքով հայտնի հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը ցուցահանդեսի նմուշները զննելիս

Ռուսաստանյան հրազենի նկատմամբ իր համակրանքով հայտնի հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը ցուցահանդեսի նմուշները զննելիս

Հավելենք, որ ըստ նախնական արդյունքների, ցուցադրված սպառազինության նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերել է Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած պատվիրակությունը, որի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների հիման վրա առաջիկայում հնարավոր են նոր գործարքներ։

Տեսանյութում՝ «Ֆորսաժ» ծրագրի գլխավոր փորձը Ժուկովսկի օդանավակայանում

Ցուցահանդեսի ողջ ֆոտոշարքն այստեղ

One response to “Մերձմոսկովյան Ժուկովսկում ավարտվեց սպառազինության խոշոր ցուցահանդեսը (ֆոտո, վիդեո)

  1. Pingback: Այն ամենը, ինչ պետք է իմանալ տանկային բիաթլոնի մասին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *