ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին ՀՀ դեսպանն անդրադարձել է առաջնագծում իրավիճակին

Օգոստոսի 14-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը կազմակերպության Մշտական Խորհրդի հատուկ նիստում հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի կողմից Արցախի հետ շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ:

Հայաստանի դեսպանը խստիվ դատապարտել է Ադրբեջանի սադրանքները, որոնք հանգեցրել են մի շարք զոհերի և մեծացրել լարվածությունը տարածաշրջանում:

Վերջինս հավելել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել 1994 թ. մայիսի և 1995թ. փետրվարի եռակողմ համաձայնագրերը և անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու միջազգային հանրության կոչերը՝ զերծ մնալու սադրիչ քայլերից ու կարգավորելու հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:

Կիրակոսյանը մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանցի զինվորականները սկսել են կիրառել ծանր զենք, ինչպես նաև շարունակում են գնդակոծել սահմանային գյուղերն ու քաղաքացիական անձանց: Անընդունելի է համարվել հայկական Չինարի գյուղում մարդասիրական հանձնառությամբ այցելածԿարմիր խաչի մեքենայի գնդակոծումը:

Հայաստանի դեսպանը դատապարտեց պատահաբար ադրբեջանական տարածքում հայտնված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հրապարակային նվաստացումը, կտտանքների ենթարկելը, որոնք վերջինիս մահվան պատճառ են դարձել:

ՀՀ դեսպանն ընդգծեց, որ Բաքուն, մերժելով միջնորդների առաջարկությունը շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու մասին, դրանով իսկ ստանձնում է հրադադարի խախտումների և մարդկային զոհերի համար ողջ պատասխանատվությունը:

ՀՀ դեսպանը վերահաստատեց Հայաստանի (ներառյալ Արցախի) կողմից միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման կարևորությունը ու նշեց, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ համատեղ անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկի սադրանքները կանխարգելելու, իրավիճակի կայունացման և բանակցային գործընթացի շարունակման ուղղությամբ՝ արցախյան հիմնահարցը բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորելու նպատակով:

Հույս հայտնվեց, որ Ռուսաստանի  նախագահի նախաձեռնած Հայատանի և Ադրբեջանի նախագահների օգոստոսի 10-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով Ադրբեջանը կհրաժարվի հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից, վերջ կտա սադրանքներին ու փոխարենը ջանքեր կներդնի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

One response to “ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին ՀՀ դեսպանն անդրադարձել է առաջնագծում իրավիճակին

  1. Pingback: Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *