Եմենի նախագահական նստավայրի մոտ ահաբեկչություն է իրականացվել

Օգոստոսի 14-ին Եմենի հարավ-արևելքում՝ Էլ-Մուքալլա քաղաքում, զինյալներն ականապատ ավտոմեքենա են պայթեցրել նախագահական նստավայրի մոտ: Ահաբեկիչների շարքում կան զոհեր:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, զինյալները, համաձայն ոստիկանության տվյալների, եղել են «ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման եմենյան ճյուղի անդամներ: Մութն ընկնելուն պես նրանք կազմակերպված հարձակում են իրականացրել միաժամանակ ոստիկանական ու ռազմական հենակետերի վրա, որոնք նստավայրին մոտ էին տեղակայված: Այնուհետև մահապարտը պայթեցրել է ականապատ ավտոմեքենան, որից հետո զինյալները շարունակել են մարտերը մոտակայքում անվտանգությունն ապահովող զինծառայողների դեմ:

Նկատենք, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ ուժայինները նախապես սեփական աղբյուրներից տեղեկացել էին ահաբեկիչների հարձակման մասին: Առափնյա հատվածներում ուժայինների մեծ մասը դարանակալել էր՝ հուսալով հանկարծակիի բերել զինյալներին: Այնուհանդերձ, ահաբեկիչները կարողացել էին գրեթե ամբողջությամբ իրականացնել ծրագրածը: Դարանակալման շնորհիվ ուժայիններին հաջողվել էր ոչնչացնել հարձակում իրականացնող գրեթե բոլոր զինյալներին: Պաշտոնական աղբյուրները չեն հայտնում՝ արդյոք ոստիկանների ու զինծառայողների շարքերում տուժածներ եղել են: Այդուհանդերձ, «Ռոյթերսի» տվյալներով՝ սպանվել են 3 զինծառայողներ, 2 զինյալներ:

Հավելենք, որ Եմենի տարածքում մեծ թիվ են կազմում «ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության զինյալները, որոնց դեմ կառավարությունը փորձում է ակտիվ պայքար մղել։ Այդ գործում Եմենին 2001-ից ի վեր զգալի աջակցություն է ցուցաբերում նաև ԱՄՆ-ն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *