Մեծ Բրիտանիան Chinook բեռնատար ուղղաթիռներ կուղարկի Իրաք՝ մարդասիրական առաքելությամբ

Մեծ Բրիտանիայի իշխանությունները օգոստոսի 12-ին կայացրել են որոշում՝ Իրաք ուղարկել մի քանի միավոր Chinook ծանր բեռնատար ուղղաթիռ, որոնք ամերիկյան զորախմբի հետ համատեղ կիրականացնեն մարդասիրական գործառույթներ։ Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է նաև, որ իրենք աջակցում են Իրաքի քրդերին զենքով և զինամթերքով ապահովելու ԱՄՆ-ի որոշմանը։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

Թագավորական օդուժի CH-47 Chinook ուղղաթիռը Պակիստանում

Թագավորական օդուժի CH-47 Chinook ուղղաթիռը Պակիստանում

Լոնդոնը ցանկանում է իր ներդրումն ունենալ Իրաքի Սինջար լեռան շրջանում ապաստանած եզդիների փրկության գործում։ Նրանց զանգվածային սպանությունը, որն իրագործում են «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման անդամները, միջազգային կառույցների և կազմակերպությունների կողմից ավելի հաճախ են սկսում որակվել որպես ցեղասպանություն։

Նշենք, որ Իրաքի քրդերից կազմված Փեշմերգա (թարգմանաբար քրդերենից՝ դեպի մահ գնացողներ) զորաջոկատների համար նախատեսված օգնությամբ ամերիկյան առաջին ինքնաթիռները Արբիլ քաղաքի օդանավակայան են ժամանել օգոստոսի 11-ին։ Դրան զուգահեռ ամերիկյան ուժերի հրամանատարությունն օդային հարվածներ է հասցնում իսլամիստների մարտական հենակետերին՝ կիրառելով նաև անօդաչու թռչող սարքեր։

Պետք է նկատել, որ ամերիկյան զորախմբի օպերատիվ հրամանատարությունը նպատակ ունի նաև հյուծել իսլամիստներին՝ վնասելով վերջիններիս թիկունքային ապահովման ենթակառուցվածքը։ Այսպես, օգոստոսի 13-ին, հարվածային անօդաչուների թիրախներից մեկը դարձել է իսլամիստների հսկողության տակ գտնվող հյուսիսային Մոսուլ քաղաքի ջրամատակարարման համակարգը, ինչի հետևանքով քաղաքի արևելյան մասը զրկվել է ջրից։

Հենց այս իրադրության պայմաններում Մեծ Բրիտանիան հայտարարում է Իրաք ռազմական բեռնատար ուղղաթիռներ գործուղելու մտադրության մասին։ Եվ սկզբունքորեն բացառված չէ, որ մոտ ապագայում Միացյալ Թագավորությունն իր մասնակցությունն Իրաքում ընթացող իրադարձություններին մարդասիրականից փոխադրի ռազմական ոլորտ։

Ամերիկյան «Բոինգ» ընկերության նախագծած CH-47 Chinook բեռնատար ուղղաթիռը շահագործվում է 1962-ից։ Մինչ օրս արտադրվել է դրա ավելի քան 1 200 օրինակ։ 3 հոգանոց անձնակազմ ունեցող ուղղաթիռը (2 օդաչու և 1 բորտ-ինժեներ) կարող է փոխադրել 55 հոգանոց անձնակազմ կամ 10 տոննա բեռ։ Chinook-ը կարող է զարգացնել մինչև 315 կմ/ժ առավելագույն արագություն և մեկ լիցքավորմամբ անցնել 740 կմ հեռավորություն։ Թռիչքի առաստաղը 5 640 մետր է։ Սպառազինությունում ուղղաթիռն ունի 7.62 մմ-անոց երեք գնդացիր՝ նախատեսված անհատական պաշտպանության համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *