Տանկային բիաթլոն-2014․ Թիմային հաշվարկում Հայաստանը կիսում է 4-րդ տեղը Սերբիայի հետ

Տանկային բիաթլոն-2014 միջազգային մրցումների առաջին օրերին անցկացված անհատական մրցումներից հետո 12 երկրների տանկիստները մրցել են նաև սպրինտում ու հետապնդման մրցույթում։

Հայաստանցի տանկիստների տանկը օդի մեջ․ Տանկային բիաթլոն-2014

Հայաստանցի տանկիստների տանկը օդի մեջ․ Տանկային բիաթլոն-2014

Անհատական մրցավազքի ժամանակ առաջին անձնակազմերի մրցույթում Հայաստանի զինված ուժերի տանկիստները գրավել են երկրորդ տեղը։ Երկրորդ անձնակազմերի անհատական պայքարում հայաստանցի տանկիստները եղել են հինգերորդը: Իսկ երրորդ անձնակազմերի մրցման ժամանակ մեր տանկիստները գրավել են 3-րդ տեղը։

Անհատական մրցույթի ընդհանուր արդյունքներով հայաստանյան թիմերը բոլոր երկրների 36 տանկային անձնակազմերի մեջ համապատասխանաբար գրավեցին 3-րդ, 16-րդ ու 10-րդ տեղերը։ Առաջատարներն այս մրցույթում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի տանկիստներն էին։

Սպրինտի մրցումները կայացան օգոստոսի 8-ին ու 9-ին՝ անհատական մրցավազքից հետո։ Սպրինտում տանկիստները մրցում էին կարճ տարածության վրա՝ 3-կմ-անոց մեկ շրջան կատարելով։ Չնայած դրան՝ շրջանի ընթացքում տանկերը հաղթահարում էին նույն խոչընդոտները, ինչ անհատական մրցույթի ժամանակ՝ արագընթաց ճանապարհներ, ծանծաղուտ, կամրջակ, երկու էսկարպ (մեծ թեքություն), հակատանկային խրամ ու այլ խոչընդոտներ:

Սպրինտի ժամանակ մեր տանկիստների անձնակազմերը համապատասխանաբար 22-րդ, 15-րդ ու 17-րդ տեղերում էին։ Նման արդյունքների պատճառը անձնակազմերի վրիպելն էր կրակային վարժություններում։ Նշենք, որ սպրինտի ժամանակ յուրաքանչյուր վրիպման համար անձնակազմին գումարվում էին հավելյալ վայրկյաններ։ Սպրինտի ժամանակ նույնպես առաջատար էին Ռուսաստանի տանկիստները, նրանց հետևում էին Ղազախստանի ու Սերբիայի զինծառայողները։

Օգոստոսի 12-ին եղավ հետապնդման մրցույթը, որի ժամանակ ամեն թիմի համար մեկնարկը տրվում էր առանձին, նախորդ մեկնարկից 60 վայրկյան անց։ Հետապնդման մրցույթի դեպքում նույնպես խոչընդոտներն ու կրակոցները նույնն էին, սակայն հաղթահարվող երկարությունը 4 կմ էր:

Հետապնդման մրցույթի ժամանակ հայաստանցի տանկիստների առաջին անձնակազմը զբաղեցրեց 19-րդ, երկրորդ անձնակազմը՝ 17-րդ, իսկ երրորդ անձնակազմը՝ 21-րդ տեղերը։ Այս մրցույթում նույնպես վրիպումների համար հավելյալ վայրկյաններ էին գումարվում։ Հետապնդման ժամանակ առաջին տեղերը գրավեցին Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Սերբիայի տանկիստները։

Բիաթլոնի ամեն մրցման համար տանկային անձնակազմերը իրենց ցույց տված ժամանակին համապատասխան ստանում էին միավորներ։

Միավորների հաշվարկի համաձայն՝ բոլոր մրցելույթների համագումարում Հայաստանի տանկային անձնակազմերից առաջինը երեք մրցաձևերի արդյունքում կիսում է 7-ից 9-րդ տեղերը, երկրորդ անձնակազմը 18-րդ տեղում է, երրորդ անձնակազմը՝ 19-րդ տեղում։ Առաջատարներն են Ռուսաստանի ու Ղազախստանի տանկիստները։

Երկրների հաշվարկում, որը ձևավորվում է տվյալ երկրի 3 անձնակազմերի՝ բոլոր մրցույթներում վաստակած միավորների հանրագումարով, Հայաստանը կիսում է 4-րդ տեղը Սերբիայի հետ։ Առաջին տեղում Ռուսաստանն է, երկրորդում՝ Ղազախստանը, երրորդում՝ Բելառուսը։ Առաջին հնգյակին հետապնդում են համապատասխանաբար Հնդկաստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Վենեսուելան, Մոնղոլիան ու Անգոլան, Քուվեյթի տանկիստները եզրափակում են մրցաշարային աղյուսակը։

Ավելացնենք, որ Տանկային բիաթոն-2014 մրցույթը մոտենում է ավարտին։ Մնացել են անձնակազմերի սպորտային վարժությունների ու 4 լավագույն տանկային անձնակազմերի մրցույթները։ Տանկային բիաթլոնը կավարտվի օգոստոսի 16-ին։

Հիշեցնենք նաև, ներկայում անցկացվող Տանկային բիաթլոն-2014-ին մասնակցում են տանկային անձնակազմեր 12 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Անգոլայից, Վենեսուելայից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Քուվեյթից, Սերբիայից ու Չինաստանից։

Բոլոր երկրների տանկիստները, բացի չինաստանցիներից, առաջնությանը մասնակցում են ՌԴ ԶՈւ Տ-72Բ տանկերով, իսկ Չինաստանի ԶՈւ տանկիստները առաջնության համար իրենց հետ բերել են սեփական Type-96 տանկեր, որոնցով էլ մասնակցում են մրցումներին։

Իսկ տանկային բիաթլոնի միջազգային առաջին մրցույթը անցկացվել է 2013-ին ռուսաստանյան Ալաբինո զորավարժարանում։ Ընդ որում՝ անցյալ տարի ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմը նույնպես մասնակցել է Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի միջազգային մրցումներին և մասնակից 4 երկրներից շրջանում զբաղեցրել էին վերջին տեղը։

2 responses to “Տանկային բիաթլոն-2014․ Թիմային հաշվարկում Հայաստանը կիսում է 4-րդ տեղը Սերբիայի հետ

  1. Pingback: Տանկային բիաթլոն-2014․ Թիմային հաշվարկում Հայաստանը կիսում է 4-րդ տեղը Սերբիայի հետ Razm.info | Armday

  2. Pingback: Հայաստանը գրավեց 4-րդ տեղը Տանկային բիաթլոն-2014 միջազգային մրցույթում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *