«Միստրալների» համար նախատեսված 3 միավոր Կա-52Կ ուղղաթիռներ պատրաստ կլինեն դեկտեմբերին

Ռուսաստանին 2014-ի հոկտեմբերին տրամադրվելիք «Վլադիվոստոկ» ուղղաթիռակիր նավի համար նախատեսված Կա-52Կ տախտակամածային ուղղաթիռների երեք միավորանոց առաջին խմբաքանակը ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերին կհանձնվի 2014-ի դեկտեմբերին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Ուղղաթիռներն արտադրող ռուսաստանյան «Կամով» ընկերությունը Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռների Կա-52Կ տարբերակը նախագծել ու պատրաստում է հենց ուղղաթիռակիր նավերի վրա կիրառելու նպատակով: Չնայած դրան՝ ուղղաթիռները հնարավոր կլինի կիրառել նաև այլ պայմաններում:

ՌԴ ԶՈւ ՌԾՈւ համար նախատեսված Կա-52Կ ուղղաթիռի գծագիրը: Ուղղաթիռի թիակներն ու թևերը ծալվում են՝ ռազմանավերի վրա շատ տեղ չզբաղեցնելու համար

ՌԴ ԶՈւ ՌԾՈւ համար նախատեսված Կա-52Կ ուղղաթիռի գծագիրը: Ուղղաթիռի թիակներն ու թևերը ծալվում են՝ ռազմանավերի վրա շատ տեղ չզբաղեցնելու համար

Ընկերությունը հրաժարվել է մանրամասնել, թե քանի նման ուղղաթիռ է պատվիրել ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերը, սակայն հիշեցնենք, որ 2014-ի հունիսի վերջին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատվիրել է 32 միավոր այս ուղղաթիռներից: Հենց այդքան է անհրաժեշտ Ռուսաստանի ստանալիք երկու ռազմանավերը սպառազինելու համար. ուրաքանչյուրին՝ 16 ուղղաթիռ:

Նշենք, որ Կա-52 ուղղաթիռների մոտավոր գինը 25 մլն ամերիկյան դոլար է: Հաշվի առնելով գնաճն ու նավային արդիականացման ծախսերը՝ «Միստրալների» համար նախատեսված ուղղաթիռներից յուրաքանչյուրի գնման համար ռուսաստանյան զինված ուժերում մտադիր են ծախսել շուրջ 32 մլն ամերիկյան դոլար, բոլոր ուղղաթիռների համար՝ մոտ 1 միլիարդ ամերիկյան դոլար:

Ավելացնենք, որ ռուսաստանյան Կա-52 «Ալիգատոր» հարվածային ուղղաթիռը խորհրդային Կա-50 «Սև շնաձուկ» ուղղաթիռի հետագա արդիականացումն է: Այն նախատեսված է մարտի դաշտում զրահապատ կամ ոչ զրահապատ թիրախների, կենդանի ուժի ոչնչացման համար: Ուղղաթիռի անձնակազմը երկու հոգի է: Ուղղաթիռն արտադրվում է 2008-ից, ՌԴ զինված ուժերում կիրառվում է 2011-ից:

Ուղղաթիռը կարող է զարգացնել մինչև 300 կմ/ժ արագություն ու թռչել մինչև 5.5 կմ բարձրության վրա: Կարող է ուղղաձիգ բարձրանալ մինչև 12 մ/վ արագությամբ:

Ուղղաթիռը զինված է 30 մմ ավտոմատ թնդանոթով, որն ունի 460 արկ մարտական լրակազմ: Ուղղաթիռի վրա կան 6 կախոցներ, որոնց վրա կարող է կախվել մինչև 2 տոննա զանգվածով սպառազինություն, այդ թվում՝ «օդ-մակերևույթ» դասի հակատանկային կառավարվող հրթիռների «Վիխր-1» արձակման կայաններ, «օդ-օդ» դասի կառավարվող հրթիռների «Իգլա-Բ» համալիրներ, ինչպես նաև Ս-8 (80 մմ) կամ Ս-13 (130 մմ) չկառավարվող հրթիռներ:

«Միստրալների» համար արտադրող Կա-52Կ արդիականացումները բազային տարբերակից կտարբերվեն մի շարք բնութագրերով: Դրանց թիակները հնարավոր կլինի «հավաքել»: Ուղղաթիռների շասսիները կամրացվեն, դրանք կանցնեն հակակոռոզիոն հատուկ մշակում ծովային պայմաններում շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *