Ռուսաստանին տրվելիք «Միստրալները» կարող են չունենալ ֆրանսիական սարքավորումներ

Ռուսաստանին տրվող 2 ռազմանավերը կստանան ֆրանսիական արտադրության բոլոր սարքավորումներն ու տեխնոլոգիաները, եթե Ռուսաստանը Ֆրանսիայից գնի ևս երկու «Միստրալ» դասի ուղղաթիռակիր նավ: Այս մասին, ինչպես հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականը, նախատեսված է Ֆրանսիայի ու Ռուսաստանի կնքած «Միստրալների» պայմանագրով:

Պայմանագիրը նախատեսում է, որ Ռուսաստանին փոխանցվող «Միստրալների» վրա ֆրանսիական արտադրության կապի ու այլ հատուկ միջոցներ ու սարքավորումներ կտեղադրվեն այն դեպքում, երբ Ռուսաստանը գնի կամ սեփական տարածքում ֆրանսիացի մասնագետների օգնությամբ արտադրի օպցիոնով նախատեսված ևս երկու ուղղաթիռակիր նավ:

Բայց քանի որ գործարքի կատարման ներկա փուլում որոշակի դժվարություններ են առաջացել, ընդսմին՝ հնարավոր է, որ Ֆրանսիան չփոխանցի ռազմանավերը, ապա քիչ հավանական է, որ Ռուսաստանը կցանակա ևս երկու ռազմանավ գնել Ֆրանսիայից:

Այդ դեպքում նշված սարքավորումների փոխարեն Ռուսաստանը ստիպված կլինի տեղադրել սեփական արտադրության սարքավորումներ:

Միստրալ դասի «Վլադիվոստոկ» ուղղաթիռակիրը

Միստրալ դասի «Վլադիվոստոկ» ուղղաթիռակիրը

Ռուսաստանը ներկա փուլում նախատեսում է չգնել հավելյալ երկու ռազմանավերը, սակայն վերջնական որոշում կլինի միայն առաջին երկուսը ստանալուց հետո: Դրանք կփորձարկվեն, կուսումնասիրվեն նավերի հնարավորությունները ու միայն դրանից 1-2 տարի անց կլինի վերջնական որոշումը:

Ներկայում ռուսաստանյան կողմը լուծում է «Միստրալների»՝ ուղղաթիռներով ապահովելու խնդիրները: Արդեն հայտնի է, որ ուղղաթիռակիր նավերի համար ՌԴ զինված ուժերը գնելու է ռուսաստանյան արտադրության 32 միավոր Կա-52 ուղղաթիռներ («Միստրալներից» յուրաքանչյուրը կարող է կրել մինչև 16 ուղղաթիռ), որոնք պիտի արտադրվեն նավային արդիականացմամբ:

Նշենք, որ 2011-ին Ռուսաստանը 146 միավոր Կա-52 ուղղաթիռների գնման մեկ այլ պայմանագիր է կնքել, որով յուրաքանչյուր ուղղաթիռի համար վճարելու է շուրջ 25 մլն ամերիկյան դոլար: Հաշվի առնելով գնաճն ու նավային արդիականացման ծախսերը՝ «Միստրալների» համար նախատեսված ուղղաթիռներից յուրաքանչյուրի գնման համար ռուսաստանյան զինված ուժերում մտադիր են ծախսել շուրջ 32 մլն ամերիկյան դոլար, բոլոր ուղղաթիռների համար՝ մոտ 1 միլիարդ ամերիկյան դոլար:

Նշենք, որ հունիսի 26-ին՝ մի քանի անգամ ուշացնելուց հետո, ռուսաստանյան կողմն այնուամենայնիվ Ֆրանսիա ուղարկեց երկրորդ ռազմանավի նավախելը, որտեղ այն կմիացնեն նավի առջևի մասին:

Հիշեցնենք, որ «Միստրալ» ուղղաթիռակիր նավերի գնման պայմանագիրը Ռուսաստանն ու Ֆրանսիան կնքել են 2011-ին։ 1,624 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրի համաձայն՝ Ֆրանսիան երկու ուղղաթիռակիր նավ պիտի կառուցեր ու տրամադրեր Ռուսաստանին։ Ընդ որում՝ նավերը Ֆրանսիան պարտավորվել է տրամադրել առանց սպառազինության, քանի որ, ըստ պայմանագրի, սպառազինությունը պիտի արտադրի ու տեղադրի Ռուսաստանը։ Առաջին նավը Ֆրանսիան Ռուսաստանին հանձնելու է 2014-ի վերջին, երկրորդը՝ 2015-ին:

Նախատեսված է, որ երկու ռազմանավերը Ռուսաստանը տրամադրելու է ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի խաղաղօվկիանոսյան նավատորմին: Ու թեև Ռուսաստանի ղեկավարությունը հաստատել է մտադրությունը, որ նավերն ուղարկելու է Խաղաղ օվկիանոս, սակայն խոսակցություններ կան նաև, որ նավերից մեկը կարող է տեղակայվել Սև ծովում, ինչը անհանգստություն է առաջացնում ՆԱՏՕ-ում: Ռազմանավերի վաճառքի պայմանագրի շուրջ հունիսի սկզբին իրենց վերաբերմունքն էին արտահայտել նաև մի քանի երկրների ղեկավարներ:

Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավերը նախատեսված են միանգամից մի քանի խնդիր կատարելու համար։ Դրանք կարող են միաժամանակ տախտակամածի վրա ընդունել ուղղաթիռներ, դեսանտ իջեցնել, կիրառվել որպես զորքերի կառավարման կենտրոն, ինչպես նաև օգտագործվել որպես շարժական հոսպիտալ։ Նավի առավելագույն արագությունը 33 կմ/ժ է, նավարկության առավելագույն հեռավորությունը շուրջ 37 հազար կիլոմետր (համեմատելու համար՝ Երկրի հասարակածի երկարությունը մոտ 40 հազար կիլոմետր է)։ Նավի անձնակազմը 170 մարդ է։ Այն կարող է տեղափոխել մինչև 16 ուղղաթիռ ու 40 տանկ։ Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավի գինը մոտավոր 620 մլն ամերիկյան դոլար է։

«Միստրալների» համար արտադրվող ռուսաստանյան Կա-52 «Ալիգատոր» հարվածային ուղղաթիռը խորհրդային Կա-50 «Սև շնաձուկ» ուղղաթիռի հետագա արդիականացումն է: Այն նախատեսված է մարտի դաշտում զրահապատ կամ ոչ զրահապատ թիրախների, կենդանի ուժի ոչնչացման համար: Ուղղաթիռի անձնակազմը երկու հոգի է: Ուղղաթիռն արտադրվում է 2008-ից, ՌԴ զինված ուժերում կիրառվում է 2011-ից:

Կա-50-ը կարող է զարգացնել մինչև 300 կմ/ժ արագություն ու թռչել մինչև 5,5 կմ բարձրության վրա: Կարող է ուղղաձիգ բարձրանալ մինչև 12 մ/վ արագությամբ:

Ուղղաթիռը զինված է 30 մմ ավտոմատ թնդանոթով, որն ունի 460 արկ մարտական լրակազմ: Ուղղաթիռի վրա կան 6 կախոցներ, որոնց վրա կարող է կախվել մինչև 2 տոննա զանգվածով սպառազինություն, այդ թվում՝ «օդ-մակերևույթ» դասի հակատանկային կառավարվող հրթիռների «Վիխր-1» արձակման կայաններ, «օդ-օդ» դասի կառավարվող հրթիռների «Իգլա-Բ» համալիրներ, ինչպես նաև Ս-8 (80 մմ) կամ Ս-13 (130 մմ) չկառավարվող հրթիռներ:

3 responses to “Ռուսաստանին տրվելիք «Միստրալները» կարող են չունենալ ֆրանսիական սարքավորումներ

  1. Pingback: «Միստրալների» ռուսաստանյան անձնակազմերը վերջապես Ֆրանսիայում են | Ռազմ.info

  2. Pingback: Ֆրանսիայում միացվել են «Սևաստոպոլ» ուղղաթիռակրի երկու մասերը | Ռազմ.info

  3. Pingback: «Միստրալների» համար նախատեսված 3 միավոր Կա-52Կ ուղղաթիռներ պատրաստ կլինեն դեկտեմբերին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *