Ուկրաինայի թարմացվող լրահոս. հուլիսի 31. սպանել են Լուգանսկի «արտգործնախարարի» տեղակալին

Ուկրաինայի հարավ-արևելքում ապրիլից շարունակվում են մարտերն ապստամբների և ուկրաինացի ուժայինների միջև։ Ներկայում հիմնական զարգացումները Լուգանսկի և Դոնեցկի մերձակայքում են։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Ուկրաինայի ուժայինները երկրի հարավ-արևելքում

Ուկրաինայի ուժայինները երկրի հարավ-արևելքում

21։15Ապստամբները հայտնում են Դոնեցկից հարավ տեղակայված ուժայինների ամրակետերից մեկի ոչնչացման մասին, որի ընթացքում խոցել են նաև հակառակորդի 1 տանկ և հետևակի մարտական 2 մեքենա։

19։10-Ապստամբները հայտնում են, որ ուժայինները շուրջ 40 միավոր զրահատեխնիկայի կիրառմամբ լայնածավալ գրոհ են սկսել Դոնեցկի հարավ-արևմտյան ուղղությամբ։ Հիշեցնենք, որ առավոտյան հայտնի էր դարձել նաև՝ կառավարական ուժերը մեծաթիվ ուժերով գրոհում են Դոնեցկի հյուսիսային արվարձանները։

18։25-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զորակոչային վարչության պետ Պավել Գուբարյովը լրատվամիջոցներին հայտնել է, որ չնայած ուժայինների մտցրած բեկումին, ժողովրդի կամքը չի կոտրվել և անցնող 2 ամիսներին Դոնեցկի ավելի քան 2 հազար բնակիչ ցանկություն է հայտնել զինվորագրվել այսպես կոչված ինքնապաշտպանական ուժերին։

17։00-Գորլովկայի քաղաքային իշխանությունները լրատվամիջոցներին հայտնել են, որ օգոստոսի 1-ին կայացել է 27 քաղաքացիականի հուղարկավորություն, ովքեր զոհվել են ուժայինների հրետակոծության հետևանքով։

16:00-Այսօր հայտնի է դարձել, որ հուլիսի 27-ին Լուգանսկ քաղաքին տիրանալու համար մղվող մարտերում զոհվել է Ուկրաինայի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ալիև Յոլչուն։ Վերջինս ծնվել է Ադրբեջանի Բեյլագանի շրջանում, սակայն ապրում էր Կիև քաղաքում։ Յոլչուն ուժայինների «Այդար» գումարտակի շարքերը համալրել էր ինքնակամ։

Ալիև Յոլչուի հոգեհանգիստը Կիևում

Ալիև Յոլչուի հոգեհանգիստը Կիևում

14:35-Ուկրաինայի զինված ուժերի դեսանտային զորքերի հրամանատար Յուրի Գալուշկինը լրատվամիջոցներին հայտնել է նախօրեին Շախտյորսկ քաղաքի մերձակայքում ընթացած մարտերում ուժայինների կորուստների վերաբերյալ ի մի բերված թվերը։ Ըստ այդմ, բանակայինները կորցրել են 10 զինծառայող, 13-ը վիրավոր են, ևս 11 հոգի այս պահի դրությամբ համարվում է անհայտ կորած։

13:40-Լուգանսկում հուլիսի 31-ի երեկոյան դեռևս անհայտ հանգամանքներում սպանել են ինքնահռչակ հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Պրոսելկովին։ Ըստ նախնական տեղեկության, վերջինս կանգնեցնելով մեքենան, որում ընթանում էր, դուրս է եկել և տեխնիկական նպատակով գնացել ճանապարհամերձ թփեր։ Որոշ ժամանակ անց նրան գտել են սրտի շրջանում հրազենային մահացու 5 վնասվածքով։

12։50Դոնեցկում ուժայինները շարունակում են ճնշումը ամստամբների վրա՝ բազմակողմանի գրոհենր ձեռնարկելով քաղաքի հյուսիսային արվարձանների ուղղությամբ։ Ապստամբները հայտնել են, որ հարձակումները հետ մղելու ընթացքում իրենց հաջողվել է խոցել ուժայինների զրահապատ փոխադրիչներից մեկը, ինչպես նաև վնասել մի քանի տանկ։

12։15-Երկրի հարավ-արևելքում իրականացվող հակաահաբեկչական  գործողությունը համակարգող շտաբից լրատվամիջոցներին հայտնել են, որ Դոնեցկի շրջանի Շախտյորսկ քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի 25-րդ բրիգադի ստորաբաժանումներն ընկել են ապստամբների նախապատրաստած դարանի մեջ, ինչի հետևանքով կան կորուստներ ուժայինների շրջանում։ Նրանց ստույգ թիվը չի հաղորդվում։

11:40Մալայզիական Բոինգի կործանման միջադեպը հետաքննող միջազգային փորձագետների 14 ավտոմեքենայից բաղկացած շարասյունն ուղևորվում է դեպքի վայր։ Հիշեցնենք, երեկ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն հայտնել էր, որ փորձագետների թվում կա շուրջ 700 մարդ, որոնք բոլորն էլ զինվելու են աղետի գոտի մեկնելուց առաջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *