Ղրղզստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2014» զորավարժության եզրափակիչ փուլը (ֆոտո)

Ղրղզստանում շարունակվում է ՀԱՊԿ անդամ երկրների զորախմբերի մասնակցությամբ անցկացվող «Անխախտ եղբայրություն-2014» զորավարժությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի խաղաղապահ ուժերը։ Օգոստոսի 1-ին մեկնարկել է զորավարժության 3-րդ՝ եզրափակիչ փուլը, որի ընթացքում անդամ երկրների զինծառայողները համատեղ ուժերով կիրականացնեն հիմնականում խաղաղապահ գործողություններ։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը։

Միացյալ ուժերի զորախումբը զորավարժության ընթացքում

Միացյալ ուժերի զորախումբը զորավարժության ընթացքում

Ընդհանուր առմամբ, «Անխախտ եղբայրություն-2014» զորավարժությանը մասնակցում է շուրջ 700 զինծառայող՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից։ Ռուսաստանն ու Ղազախստանը ներկայացված են յուրաքանչյուրը երեքական գումարտակով, իսկ մյուս երկրները՝ մեկական։

Ղրղզստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ զորավարժության այս փուլն իր մեջ ներառելու է այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են լեռնային տեղանքում մարդասիրական բեռների ուղեկցումը, պետական կարևորության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև շարասյան վրա իրագործված հարձակման կասեցումը։ Վարժանքները ղեկավարելու է Ղրղզստանի պաշտպանության նախարարության մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Նուրբեկ Նիյազալիևը։

Հավելենք, որ Ղրղզստանի Ալա-Թոո զորավարժարանում հուլիսի 29-ին մեկնարկած քառօրյա զորավարժության նպատակը ՀԱՊԿ միացյալ ուժերի մարտունակության աստիճանի ստուգումն է, որին պետք է հաջորդեն համապատասխան քայլերը՝ այդ ցուցանիշն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ։

Նշենք, որ «Անխախտ եղբայրություն» զորավարժությունն անցկացվում է երրորդ անգամ։ 2012-ին այն ընթացավ Ղազախստանում, իսկ 2011-ին՝ Ռուսաստանում։

ՀԱՊԿ-ն (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ռազմաքաղաքական բլոկ է, որին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։ Պայմանագիրը ենթադրում է ռազմական աջակցության ցուցաբերում՝ անդամ երկրներից որևէ մեկի հարձակման ենթարկվելու դեպքում։

Միացյալ ուժերի հրամանատարական կետը

Միացյալ ուժերի հրամանատարական կետը

Հայաստանյան զորախմբի ներկայացուցիչները խաղաղապահ ուժերի զրահատեխնիկայով

Հայաստանյան զորախմբի ներկայացուցիչները խաղաղապահ ուժերի զրահատեխնիկայով

Հայաստանյան զորախմբի անդամները դեսանտավորման ժամանակ

Հայաստանյան զորախմբի անդամները դեսանտավորման ժամանակ

2 responses to “Ղրղզստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2014» զորավարժության եզրափակիչ փուլը (ֆոտո)

  1. Pingback: Հայաստանում ՀԱՊԿ զորավարժության թեման Կովկասում խաղաղության պահպանումն է | Ռազմ.info

  2. Pingback: ՀՀ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժության մասին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *