Բաքվի նավաշինական գործարանը Կասպից ծովում կիրառվելիք 3 ուղևորատար կատեր է ստեղծելու

Ռուսաստանյան նավագնացության ծովային ռեգիստրը «Բաքվի նավաշինական գործարան» ԲԲԸ-ից պատվիրել է 38М նախագծի 3 միավոր արագընթաց ուղևորատար կատերներ Ադրբեջանի Կասպյան ծովային նավագնացության ձեռնարկության համար։ Կատերները կիրառվելու են հիմնականում Կասպից ծովում Ադրբեջանին պատկանող հորատման լողացող կայանների վրա բեռներ տեղափոխելու համար։

38M նախագծի կատեր

38M նախագծի կատեր

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան Portnews լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ռուսաստանյան նավագնացության ծովային ռեգիստրի պաշտոնական կայքի հաղորդագրությանը, կատերների շինարարությունը ծրագրել են սկսել 2014-ի օգոստոսից, պատվիատուին փոխանցվելու են 2016-ի մայիսին։ Աղբյուրը տեղեկություններ է հրապարակել նաև ստեղծվելիք կատերների տեխնիկական տվյալների մասին։ Դրանք պետք է նախատեսված լինեն 80 հոգու փոխադրման համար, երկարությունը պետք է որ լինի 38.22 մ, լայնությունը՝ 8.2 մ, խորությունը՝ 4.3 մ, թաղվածքը՝ 2.25 մ, անձնակազմը՝ 8 հոգի։

Նկատենք, որ կատերների դիզայնով զբաղվելու է սինգապուրյան SHIPTECH ընկերությունը, որը ևս պաշտոնապես հաստատել է տեղեկությունը։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը ներկայացրել է սույն լուրը՝ «ՌԴ-ն պատվիրել է կատերներ Բաքվի նավաշինարանից» խորագրով, մինչդեռ, ինչպես արդեն շեշտեցինք, կատերները կիրառելու է Ադրբեջանի Կասպյան նավագնացության ձեռնարկությունը։ Իրականում Ռուսաստանյան նավագնացության ծովային ռեգիստրը 1913-ից գործող միջազգային որակավորման կազմակերպություն է, գործում է ՌԴ տրանսպորտի նախարարության ներքո, զբաղվում է տեխնիկական հսկողությամբ, իր տրամադրության ներքո ունի 5200 նավ, որոնք գրանցված են աշխարհի ավելի քան 40 երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի դրոշի ներքո։ Ռուսաստանյան նավագնացության ծովային ռեգիստրը ճանաչվել է Եվրամիության ու շուրջ 70 երկրների ծովային գերատեսչությունների կողմից։ Ադրբեջանում այս կազմակերպության մասնաճյուղը, համաձայն պաշտոնական տվյալների, գործում է 1923-ից։ Ռուսաստանյան նավագնացության ծովային ռեգիստրը նավթագազային համակարգի բնականոն աշխատանքի կազմակերպման համար տրամադրում է որակի վերահսկման ծառայություններ ողջ գործընթացի տարբեր փուլերում, այդ թվում՝ նավերի ու տանկերների նախագծման փուլում։

Հարկ է ընդգծել, որ վերոհիշյալ կատերների ստեղծման աշխատանքների վերահսկման համար պայմանագիրը ռուսաստանյան կազմակերպությունն Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ կնքել էր դեռևս 2014-ի փետրվարի վերջին։ Այդ ժամանակ հաղորդվում էր 38M նախագծի 10 միավոր կատերների ստեղծման ծրագրերի մասին։

Հավելենք նաև, որ «Բաքվի նավաշինական գործարանն» Ադրբեջանի ու Սինգապուրի համատեղ կազմակերպություն է։ 2010-ին Ադրբեջանի պետական նավթարդյունաբերական ընկերության (SOCAR) տնօրեն Ռովնագ Աբդուլաևի՝ Սինգապուր կատարած այցի ժամանակ SOCAR-ի, սինգապուրական Keppel Offshore and Marine ընկերության և Ադրբեջանի ներդրումային ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսված էր Բաքվում նավաշինական գործարան հիմնել։

Ընդ որում, բաժնետոմսերի 65 տոկոսը SOCAR-ինն է, 25 տոկոսը՝ Ադրբեջանի ներդրումային ընկերությանը, 10 տոկոսը՝ Keppel Offshore and Marine ընկերությանը։ Ավելի վաղ՝ 2009-ի վերջին, կողմերը փոխհամաձայնության հուշագիր էին կնքել։

Նավաշինարանը նախագծել էին բրիտանական Royal Haskoning և նիդեռլանդական TTС ընկերությունները։ SOCAR-ի տվյալներով՝ նավաշինական գործարանի կառուցման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 470 մլն ԱՄՆ դոլար։ Գործարանը պաշտոնապես գրանցվել է որպես ԲԲԸ 2011-ի մայիսին, իսկ 2013-ի սեպտեմբերի 20-ին այն սկսել են շահագործել։

Նկատենք նաև, որ 2014-ի ապրիլի 24-ին «Բաքվի նավաշինական գործարան» ԲԲԸ-ն և bp Exploration («Շահդենիզ-2») ԲԲԸ-ն պայմանագիր են կնքել նավթարդյունաբերության շրջանակներում ստորջրյա տեխնիկական աշխատանքներում կիրառվող նավի նախագծման և կառուցման վերաբերյալ։ Այս գործարքը սույն գործարանի կնքած ամենանշանակալից պայմանագիրն է։

One response to “Բաքվի նավաշինական գործարանը Կասպից ծովում կիրառվելիք 3 ուղևորատար կատեր է ստեղծելու

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 27-օգոստոսի 3 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *