Պենտագոնը մասնակիորեն հանել է F-35 կործանիչի թռիչքների արգելքը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 2014-ի հուլիսի 30-ին մասնակիորեն հանել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի թռիչքների արգելքը, որը սահմանվել էր ընթացիկ տարվա հունիսի 23-ին ինքնաթիռի շարժիչի բռնկման պատճառով։ Այս մասին հայտնում է «DefenseNews» ռազմական լրատվակայքը։

Հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ. ԱՄՆ ՌՕՈւ

Հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ. ԱՄՆ ՌՕՈւ

Ներկայումս փորձնական թռիչքների ժամանակ թույլատրվում է կործանիչով զարգացնել արագություն՝ ոչ ավել, քան 1 800 կմ/ժ և ենթարկել այն ոչ ավել, քան 3.2 g ծանրաբեռնման:

Նշենք, որ ավելի վաղ Պենտագոնը ևս թույլատրել էր թռիչքներ կատարել F-35-ով, սակայն սահմանել էր ավելի կոշտ սահմանափակումներ. արագություն՝ ոչ ավել, քան 1 000 կմ/ժ և ծանրաբեռնվածություն՝ ոչ ավել, քան 3g։

Հիշեցնենք, որ ԱՄՆ բանակի բարձրագույն հրամանատարության ցուցաբերած այս զգուշավորության պատճառը 2014-ի հունիսի 23-ին գրանցված միջադեպն է, երբ Ֆլորիդա նահանգի ավիաբազաներից մեկում թռիչքուղու վրա արագություն հավաքելիս բռնկվեց F-35A կործանիչի շարժիչը։ Ավելի ուշ՝ հուլիսի 4-ին, Պենտագոնն արգելեց ռազմաօդային ուժերի ավիապարկում առկա շուրջ 100 միավոր F-35-ի թռիչքները, մինչև հետաքննությունը կպարզեր հրդեհի բռնկման պատճառը։

2014-ի հուլիսի 14-ին Լոնդոնում մամուլի ասուլիսի ժամանակ Պենտագոնի գնումների վարչության պետ Ֆրենկ Քենդըլը տեղեկացրեց, որ հետաքննության արդյունքում պարզվել է՝ ուսումնական թռիչքի ժամանակ F-135 շարժիչը բռնկվել է հովացման համակարգի թիակներից մեկի հարման պատճառով։ Այս եզրակացությունից հետո միայն կործանիչների շահագործման արգելքն աստիճնաբար սկսեց հանվել։

Lockheed Martin ընկերությունը նախագծել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի երեք մոդիֆիկացիա. F-35A, F-35B և F-35C` հարմարեցված համապատասխանաբար ԱՄՆ ռազմաօդային ուժերի, ծովային հետևակի և ռազմածովային ուժերի կարիքներին։ Ինքնաթիռի շուրջ 100 օրինակ արդեն իսկ համալրել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիապարկը։ Մի շարք այլ երկրների պատվիրած ինքնաթիռների հավաքման գործընթացն էլ պետք է սկսվի ընթացիկ տարում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *