Այս տարիների մեր ամենամեծ նվաճումը մեր զինված ուժերն են. Բակո Սահակյան

Ադրբեջանը, դիմելով ներկայիս քայլերին, ստիպում է, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ լինի ու ներկայիս հարաբերությունները տեղափոխվեն այլ դաշտ:

Բակո Սահակյանն ու գեներալ-լեյտենանտ Հակոբյանն այցելել են հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը

Բակո Սահակյանը սահման այցելություններից մեկի ժամանակ

Այս մասին ԵՊՀ ՈւԽ նախաձեռնությամբ կազմակերպված «Բանակում-2014» հավաքի ժամանակ ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը` պատասխանելով Ռազմինֆոյի հարցին:

«Ադրբեջանը խիստ կլանային երկիր է, և մենք չենք կարծում, որ նրանք իրականում պատկերացնում են իրենց ժողովրդի իրական խնդիրները: Երբ հաճախ մտածում ենք, թե որը կարող է լինել նրանց հաջորդ քայլը, մենք չենք բացառում, որ նրանք իրենց կեղծ նկարագիրը պահելու համար արհեստական սրելու են հարաբերությունները:

Բայց ուզում եմ իմանաք, որ այս տարիների մեր ամենամեծ նվաճումը մեր զինված ուժերն է: Հաճախ ուզում են իմանալ, թե Պաշտպանության բանակի կազմում քանի զինծառայող կա, ու ես ասում եմ դա: Ու երբ խոսում են հավանական ռազմական գործողությունների վերսկսման մասին, ես չեմ խոսում միայն ՊԲ-ի մասին, քանի որ մեզ համար Պաշտպանության բանակը հենց հայ ժողովուրդն է: Ու մենք պատրաստ ենք նման փոփոխությունների հոգեբանորեն: Ավելի լավ է մենք պատրաստ լինենք յուրաքանչյուր իրավիճակի և զարգացման»,- ներկայացրեց Բակո Սահակյանը:

Ինչպես տեղեկացնում են բանակման կազմակերպիչները, Բակո Սահակյանին ճամբարում ընդունել է ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, ով էլ հյուրերին ներկայացրել է բանակման նպատակներն ու առաջիկա պլանները:

Ողջունելով երիտասարդներին Հայրենիքի այդ հատվածում՝ Բակո Սահակյանը հնարավորություն է տվել երիտասարդներին հարցերի միջոցով ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Երիտասարդների հետ հանդիպումն անցել է մտերմիկ մթնոլորտում:

Քննարկվող թեմաների թվում են եղել Արցախյան հիմնահարցը, Ադրբեջանի հետ ներկայիս հարաբերությունները, Քարվաճառ ներխուժած ադրբեջանցի սահմանախախտները, սահմանին ներկայիս դրությունը, Արցախի զարգացմանը և երիտասարդությանը հուզող հարցեր:

Տեղեկացնենք, որ հուլիսի 27-օգոստոսի 2-ը Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում ԵՊՀ ՈւԽ նախաձեռնությամբ իրականացվում է «Բանակում-2014» վրանային ճամբարը: Բանակման նպատակը մեկն է` հավաքել երիտասարդներին մեկ հարկի տակ, քննարկել երիտասարդությանն ու ուսանողությանը հուզող հարցեր, ինչպես նաև փնտրել ուղիներ դրանց լուծման համար:

Բանակման կազմակերպիչներից Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը Ռազմինֆոյի հետ զրույցում նշել է, որ բանակումը դառնալու է ամենամյա և հետագա տարիներին այն ընդլայնվելու է և կազմակերպվի համաբուհական բանակում:

Երիտասարդները բանակումի մեկնարկը տվել են Խնձորեսկ գյուղում Մխիթար Սպարապետի գերեզմանին այցելությամբ, որից հետո անց են կացվել մի շարք դասախոսություններ, ինչպես նաև ուխտագնացություն Դիզափայտի Կատարո վանք: Առաջիկայում սպասվում են հանդիպումներ և պատմաճանաչողական այցեր Արցախի մշակութային կենտրոններ:

One response to “Այս տարիների մեր ամենամեծ նվաճումը մեր զինված ուժերն են. Բակո Սահակյան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 27-օգոստոսի 3 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *