Հորդանանի ռազմածովային ուժերի F-16 կործանիչը հուլիսի 25-ի գիշերը հարված է հասցրել Հորդանանի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքին, որը մուտք էր գործել Սիրիայի կողմից։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, անօդաչուն խփվել է Հորդանանի հյուսիսում՝ Ալ-Մաֆրաք քաղաքի մերձակայքում։ Այդուհանդերձ, այն վարկածը, որ ԱԹՍ-ն Սիրիայի օդուժին է պատկանում դեռևս պարզապես ենթադրություն է, քանի որ Հորդանանի իշխանությունները չեն հրապարակել ո´չ ոչնչացրած ԱԹՍ-ի տվյալները, ո´չ էլ լուսանկարը։
Նկատենք, որ Սիրիայի իշխանությունները կարևորություն են տալիս Հորդանանի հետ սահմանային հատվածի մշտադիտարկմանը՝ այդ թվում ժամանակ առ ժամանակ կիրառելով անօդաչուներ։ Դամասկոսը բազմիցս մեղադրանքներ է հղել Ամմանին՝ վկայելով, որ Հորդանանի պատկան մարմինները բավարար ուշադրություն չեն հատկացնում իրենց տարածքից Սիրիա ներխուժող զինյալների խմբավորումների տեղաշարժին, չեն փորձում վերահսկել նրանց գործունեությունը, և Սիրիայի տարածքում նրանց հայտնվելը բխում է Հորդանանի շահերից։
Հավելենք նաև, որ Հորդանանն իր հերթին քայլեր է ձեռնարկում Սիրիայի ու Իրաքի հետ սահմանն ամրապնդելու ուղղությամբ։ Այսպես, առաջիկա ամիսներին Հորդանանի զինուժը ստանալու է նոր զրահատեխնիկա, այդ թվում՝ Аrabian Defence Industries ընկերության Mbombe ՀՄՄ-ներ և МАР ծանր թրթուրավոր զրահափոխադրիչներ, որոնց զգալի մասը կենտրոնացվելու է սահմանին։
Հիշեցնենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսել է դեռևս 3 տարի առաջ։ Մինչ այժմ հակամարտության ընթացքում գրանցվել է 130 հազար զոհ, ավելի քան 2 մլն մարդ դարձել է փախստական։ Սիրիայի կառավարությունը և վերջինիս դեմ կռվող զինյալները մինչ օրս չեն կարողանում համաձայնության գալ։ Ամմանի տվյալներով՝ Հորդանանում շուրջ Սիրիայից գաղթած 600 հազար փախստական է բնակվում։