Լիբիայում հրթիռակոծման հետևանքով սպանվել է 23 եգիպտացի, այրվում է նավթային ամբարը

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում անհայտ անձանց կողմից արձակված հրթիռը խոցել է 4 հազար տոննա նավթային արտադրանք պարունակող վառելիքի ամբարը։ Միջադեպն արձանագրվել է հուլիսի 27-ին երեկոյան ժամերին։ Նույն օրը հայտնի է դարձել, որ հրթիռներ են արձակվել նաև Եգիպտոսից Տրիպոլի ժամանած բանվորների տների ուղղությամբ, ինչի պատճառով էլ սպանվել է 23 եգիպտացի։

Բենղազին իսլամիստների հրթիռակոծումից հետո

Բենղազին իսլամիստների հրթիռակոծումից հետո

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»  լրատվական գործակալությունը, հրթիռի խոցման հետևանքով ամբարում հրդեհ է բռնկվել, որը մինչ այժմ չի հաջողվում լիովին մարել։ Լիբիայի ազգային նավթային ընկերությունից փոխանցել են՝ եթե հրդեհն իսպառ չչեզոքացվի, ապա լուրջ հետևանքներ կունենա, կտարածվի հարևան տարածքներում, կհանգեցնի մի շարք պայթյունների։ Արդյունքում հրթիռի պատճառած վնասը կզգացվի առնվազն 3-5 կմ տարածքում։
Հրթիռի արձակման պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։

Ինչ վերաբերում է եգիպտացիների զոհվելու միջադեպին, ապա այս պահի դրությամբ իրավապահ մարմինները մանրամասներ չեն հրապարակել։

Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերի ընթացքում Տրիպոլիում ու Բենղազիում Լիբիայի կառավարական ուժերի և իսլամիստական խմբավորումների զինյալների միջև բախումների պատճառով զոհվել է ավելի քան 50 հոգի։ Լիբիայի իշխանությունների տվյալներով՝ անցած 2 շաբաթվա ընթացքում մարտերին զոհ են գնացել 150 հոգի։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն, ՄԱԿ-ն ու Թուրքիան տարհանել են իրենց ներկայացուցչությունների աշխատակիցներին անորոշ ժամկետով։

Հավելենք, որ հուլիսի 27-ին Մեծ Բրիտանիայի դիվանագետների կորտեժը հարձակման է ենթարկվել դեպի Թունիսի հետ սահման ընթանալիս։ Զոհեր ու վիրավորներ չեն գրանցվել, սակայն ավտոմեքենաները վնասվել են։ Հաղորդվում է, որ հարձակվողները նպատակ ունեին կողոպտել դիվանագետներին։

Շուրջ 3 տարի առաջ Լիբիայում քաղաքացիական պատերազմ էր սկսվել, որի արդյունքում գահընկեց էր արվել երկրի ղեկավար Մուամար Քադաֆին։ Վերջինս ղեկավարում էր Լիբիան ավելի քան 40 տարի։ Այդ օրվանից ի վեր Լիբիայում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, ինչը փորձագետները պայմանավորում են հասարակության ցեղային կառուցվածքով, թույլ կենտրոնական իշխանությամբ և իսլամիստների ակտիվ գործունեությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *