Խորվաթիան օգտագործված ինքնագնաց հրետանի է գնում Գերմանիայից

Գերմանիայի զինված ուժերում մոտ 10 տարի օգտագործված 12 միավոր PzH-2000 ինքնագնաց հաուբիցների համար Խորվաթիան մտադիր է վճարել մոտ 55,4 մլն ամերիկյան դոլար: Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

Խորվաթական կողմը մտադիր է գումարը Գերմանիային տրամադրել մաս-մաս 2014-2018 թվականների ընթացքում: Իսկ գերմանական կողմը պաշտոնապես չի արձագանքել այս գործարքի մասին տեղեկություններին ու հայտնի չէ, թե երբ կսկսի հաուբիցների մատակարարումը:

Գերմանիայի զինված ուժերի PzH-2000 ինքնագնաց հաուբից

Գերմանիայի զինված ուժերի PzH-2000 ինքնագնաց հաուբից

Հայտնի չէ նաև, թե արդյոք ինքնագնաց հաուբիցները Խորվաթիային փոխանցելուց առաջ Գերմանիան կնորոգի դրանք, թե ոչ:

Նշենք, որ Խորվաթիան 155 մմ PzH-2000 ինքնագնաց հաուբիցներ գնելու մասին մտադրություն հայտնում էր դեռևս 2013-ին: Այն ժամանակ խորվաթական կողմը նշում էր, որ դրանցից 18 միավոր գնելու է «ռազմավարական գործընկերոջից»՝ հրաժարվելով հստակեցնել երկիրը: Հաուբիցների գնման համար խորվաթական կողմը նախատեսում էր վճարել մոտ 35,5 մլն ամերիկյան դոլար:

Ավելացնենք, որ գերմանական PzH-2000 (Panzerhaubitze 2000) ինքնագնաց հաուբիցը լավագույններից մեկն է իր դասում: Այն ունի 55 տոննա զանգված ու 5-հոգանոց անձնակազմ: Ինքնագնաց հրետանային համակարգը զինված է 155 մմ տրամաչափի հաուբիցով, որը կարողանում է կրակել 30-ից 50 կմ հեռավորության վրա: Հաուբիցի ուղղահայաց նշանառման անկյան տիրույթը -2,5-ից +65 ասիտճան է: Համակարգը զինված է նաև 7,62 մմ գնդացրով, որը նախատեսված է անձնակազմի ինքնապաշտպանության համար:

Ինքնագնաց հաուբիցն ունի թրթուռավոր զրահապատ շասսի, որի վրա տեղադրված է 1000 ձիաուժանոց շարժիչ, որի միջոցով հաուբիցը տեղաշարժվում է մինչև 65 կմ/ժ արագությամբ:

Ինքնագնաց հաուբիցն արտադրության մեջ է 1998-ից: Մինչ այժմ հաուբիցներից արտադրվել է ավելի քան 300 միավոր: Այս ինքնագնաց հաուբիցներով զինված են ինչպես Գերմանիայի, այնպես էլ Հունաստանի, Իտալիայի ու Նիդերլանդների զինված ուժերը: Այն 2001-ից կիրառվել է Աֆղանական պատերազմի ժամանակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *