ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 21-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է մոտ 47 մլն ամերիկյան դոլարի մարդասիրական օգնություն հատկացնել Գազայի հատվածի բնակիչներին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քերին Գազայի խնդրի շուրջ հանդիպել և զրուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի և Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի հետ։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, բանակցությունների հիմքում լինելու է Եգիպտոսի առաջարկած, կողմերի հաշտությանը նպաստող տարբերակը, երբ օդում, ցամաքում և ծովում պետք է անհապաղ դադարեցվեն մարտական գործողությունները։ Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի հրապարակած տվյալներով՝ Իսրայելի գործողության մեկնարկից ի վեր մինչ օրս ավելի քան 100 հազար հոգի հարկադրված է եղել լքել Գազայի հատվածը։
Հավելենք, որ Аlquds.co.uk կայքի տվյալներով՝ Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Սուդանի տարածքում։ Դրանց թիրախը եղել են ՀԱՄԱՍ-ի համար նախատեսված զենք-զինամթերքի բեռները։ Իսրայելական կողմը հերքում է տեղեկությունը։
Նշենք, որ հուլիսի 22-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ հուլիսի 21-ին Իսրայելը Գազայի հատվածում կորցրել է ևս 2 զինծառայողի, 3-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Պաղեստինյան կողմն էլ իր հերթին տեղեկացնում է արդեն ավելի քան 600 սպանվածների մասին։
Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 8-ին հայտարարել էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողությա մեկնարկի մասին։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռային չդադարեցվող հարվածներն են։
Ըստ փորձագետների՝ Իսրայելի ակտիվությունը կապված է 3 իսրայելցի պատանիների սպանության հետ։ Հունիսի 12-ին նրանց առևանգել էին, Իսրայելը նույն օրն առևանգման պատասխանատու էր հայտարարել ՀԱՄԱՍ-ին։ Ավելին, հունիսի 26-ին Իսրայելի անվտանգության համընդհանուր ծառայությունը հրապարակել էր ՀԱՄԱՍ-ի 2 ակտիվիստների լուսանկարները և տվյալները, որոնք, ըստ իսրայելական կողմի, մեղավոր են առևանգման հարցում։
Օրեր անց պատանիների դիերը հայտնաբերել էին Հորդանան գետի արևմտյան ափին՝ Հևրոն քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածում։ ՀԱՄԱՍ-ը հերքել է, թե իր անդամները որևէ առնչություն ունեն պատանիների սպանության հարցում։
Այնուհանդերձ, Իսրայելի ուժայիններն այդ օրվանից ի վեր մի շարք գործողություններ էին իրականացրել, որոնք արդյունքում ձերբակալվել է 400 արաբ, որոնց շարքում են ՀԱՄԱՍ-ի անդամներ, պաղեստինցի քաղաքական գործիչներ։
Բացի այդ, ձերբակալվել էին 57 պաղեստինցիներ, որոնց 2011-ին ազատ էին արձակել իսրայելցի առևանգված զինծառայող Հիլադ Շալիթի ազատման դիմաց։ Իսրայելի զինծառայողներն այս ընթացքում խուզարկել էին մոտ 3 հազար շինություններ, այդ թվում՝ հեռուստաընկերությունների ու թերթերի գրասենյակներ։