[հավելում] Իսրայելը սկսել է ցամաքային գործողություն Գազայի հատվածում. արդեն կան զոհեր

Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ սկսում է ցամաքային գործողություն Գազայի հատվածում, որին մասնակցում են ոչ միայն օդուժը, այլև ռազմածովային ուժերը, ինժեներական, զրահատանկային զորքերն ու նավատորմը։
Դրա նպատակն է, ըստ իսրայելական աղբյուրների, այն թունելների ոչնչացումն է, որոնց միջոցով իսրայելցիների վկայությամբ պաղեստինցի զինյալները կարող են զենք-զինամթերք փոխադրել։

Գազայի հատվածն իսրայելական հրթիռակոծումից հետո

Գազայի հատվածն իսրայելական հրթիռակոծումից հետո

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, սույն գործողության ընթացքում արդեն իսկ զոհեր են գրանցվել։ Ներկա դրությամբ պաղեստինյան կողմը հայտարարել է 20 զոհի մասին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունն իր հերթին ափսոսանք է հայտնել, որ Իսրայելն այնուհանդերձ ռազմական գործողության որոշում է կայացրել՝ կոչ անելով Իսրայելի իշխանություններին ձեռնարկել հնարավորինը «Պաղեստինի խաղաղ բնակիչների անվտանգությանը սպառնալիք չդառնալու համար»։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումները, չսպասելով մարդասիրական 5-ժամյա հաշտության ավարտին, կրկին կրակ էին բացել Գազայի հատվածի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ Իսրայելի կողմից հրթիռակոծումների պատճառով Գազայի լողափում սպանվել են 4 պաղեստինցի երեխաներ։

Հավելենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 8-ին հայտարարել էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողությա մեկնարկի մասին։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռային չդադարեցվող հարվածներն են։

Ըստ փորձագետների՝ Իսրայելի ակտիվությունը կապված է 3 իսրայելցի պատանիների սպանության հետ։ Հունիսի 12-ին նրանց առևանգել էին, Իսրայելը նույն օրն առևանգման պատասխանատու էր հայտարարել ՀԱՄԱՍ-ին։ Ավելին, հունիսի 26-ին Իսրայելի անվտանգության համընդհանուր ծառայությունը հրապարակել էր ՀԱՄԱՍ-ի 2 ակտիվիստների լուսանկարները և տվյալները, որոնք, ըստ իսրայելական կողմի, մեղավոր են առևանգման հարցում։

Օրեր անց պատանիների դիերը հայտնաբերել էին Հորդանան գետի արևմտյան ափին՝ Հևրոն քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածում։ ՀԱՄԱՍ-ը հերքել է, թե իր անդամները որևէ առնչություն ունեն պատանիների սպանության հարցում։

Այնուհանդերձ, Իսրայելի ուժայիններն այդ օրվանից ի վեր մի շարք գործողություններ էին իրականացրել, որոնք արդյունքում ձերբակալվել է 400 արաբ, որոնց շարքում են ՀԱՄԱՍ-ի անդամներ, պաղեստինցի քաղաքական գործիչներ։

Բացի այդ, ձերբակալվել էին 57 պաղեստինցիներ, որոնց 2011-ին ազատ էին արձակել իսրայելցի առևանգված զինծառայող Հիլադ Շալիթի ազատման դիմաց։ Իսրայելի զինծառայողներն այս ընթացքում խուզարկել էին մոտ 3 հազար շինություններ, այդ թվում՝ հեռուստաընկերությունների ու թերթերի գրասենյակներ։

[հավելում] -Հուլիսի 17-ի գիշերն իսրայելական կողմի սկսած ցամաքային գործողության ժամանակ սպանվել է Իսրայելի պաշտպանության բանակի մեկ զինծառայող։ Վերջինիս անձնական տվյալներն ու այլ մանրամասներ այս պահի դրությամբ չեն հրապարակվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *