Հունիսի 17-ին Երևանում անցկացվեց ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ձյուդոյի առաջնությունը: Հայաստանը հյուրընկալել էր Բելառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի զինված ուժերի թվով 31 մասնակցի:
Թեև մարտերը բավական թեժ էին անցնում, բայց Հայաստանի հավաքականը կարողացավ սեփական հարկի տակ հաղթողի կոչմանն արժանանալ:
Տարբեր քաշային կարգերում Հայաստանն ունեցավ 4 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, հետևում թողնելով Ռուսաստանին` 2 ոսկե մեդալով և Բելառուսին`1 ոսկե մեդալով:
Մեդալակիրները մենամարտում էին տարբեր քաշային կարգերում` մինչև 50 կգ և 90կգ և ավելի կարգերում:
Մինչև 55 կգ քաշային կարգ- Մխիթարյան Գրիգոր 1 տեղ
Մինչև 60 կգ քաշային կարգ- Իվանյան Գրիգոր 1 տեղ
Մինչև 66 կգ քաշային կարգ- Ղազարյան Դավիթ 2-րդ տեղ
Մինչև 73 կգ քաշային կարգ- Գրիգորյան Ավետիք 1 տեղ
Մինչև 81 կգ քաշային կարգ -Կարապետյան Մհեր 2-րդ տեղ
Մինչև 90 կգ քաշային կարգ Պետրոսյան Էդիկ- 3-րդ տեղ
90 կգ և ավել քաշային կարգ -Առաքելյան Հակոբ 1 տեղ
Մրցմանը առավել ուշադիր հետևում և ծագած բոլոր հարցերին լուծում էր տալիս ՀՀ Ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, մրցումների գլխավոր օլիմպիական կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը:
Ռազմինֆոյի հետ զրույցում Դավիթ Խիթարյանը նշեց, որ մարտի ժամանակ իր ներսում մի քանի բան է խառնվում իրար:
«Որպես գլխավոր մրցավար պիտի համեմատաբար օբյեկտիվ լինել: Իսկ որպես ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, ես ուզում էի, որ մենք հաղթող ճանաչվենք, իսկ դրանից զատ, գորգին իմ աշակերտներն էլ էին»,- ժպտալով պատասխանում է մրցավարը:
Մրցումների ընթացքում մի քանի անգամ այլ երկրների մրցավարները կանգնեցնում էին մարտ` կասկածելով, որ ինչ-որ սխալ է գրանցվել: Այնուհետև բոլորը միասին նայում էին մարտի վիդեոտարբերակներն ու վերջնական որոշում կայացնում:
Այս առումով Դավիթ Խիթարյանը նշում է, որ դա բնականոն բան է, բայց այսքան ժամանակ որևէ լուրջ խնդիր չի առաջացել, իրենք վերանայում ու համոզվում են:
ՀՀ ԶՈւ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Դավթյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանի զինված ուժերը մինչև վերջերս մշտապես սպարտակիադա էր կազմակերպվում, իսկ 2013 թվականից էլ առանձին նմանօրինակ առաջնություններ են իրականացնում:
«Մեր զինծառայողներին պատրաստելու առյուծի բաժինը ՀՀ Ձյուդոյի ֆեդերացիայինն է, նրանք մեզ լավ մարզիկ-զինծառայողներ են տալիս, ովքեր էլ բարձր են պահում մեր երկրի անունը»,- հավելեց փոխգնդապետը:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 13-19 | Ռազմ.info