ՀԱՊԿ զորավարժության ժամանակ հակաահաբեկչական պայմանական գործողություն է իրականացվել

ՀԱՊԿ անդամ երկրները հուլիսի 17-ին մասնակցում են ուսումնական բնույթի հակաահաբեկչական գործողությանը, որի ընթացքում վնասազերծվելու է Կենտրոնական Ասիայում գործող պայմանական միջազգային ծայրահեղական խմբավորումը։ Որպես դիտորդներ՝ գործողությանը հետևելու համար հրավիրվել են Հայաստանի և Բելառուսի մասնագետները։ Զորավարժությանը մասնակցում են ՌԴ-ի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի զինծառայողները, ինչպես և ՀԱՊԿ քարտուղարության ու միացյալ շտաբի անդամները։

ՀԱՊԿ անդամ երկրների զինվորականները՝ «Ռուբեժ-2014» զորավարժություններին

ՀԱՊԿ անդամ երկրների զինվորականները՝ «Ռուբեժ-2014» զորավարժություններին

Ինչպես ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը հաղորդել է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Յարոսլավ Ռոշչուպկինը, սույն գործողությունը Չելյաբինսկում մեկնարկած «Ռուբեժ-2014» լայնամասշտաբ զորավարժությունների մի մասն է կազմում։

«Հետևելով նախապես գրված սցենարին՝ հետախուզությունը պետք է հայտնաբերի միջազգային ծայրահեղական խմբավորման անդամներին, որոնք ահաբեկում և հավաքագրումներ են անցկացնում խաղաղ բնակչության շարքերում՝ ստեղծելով սեփական ճամբարները, զինամթերքի պահեստները, նաև զբաղվելով թմրաբիզնեսով։ Զինծառայողներին հրաման է տրվում քայլեր ձեռնարկել հրետանու և օդուժի օգնությամբ խմբավորմանը վնասազերծելու համար»,-ընդգծել է Ռոշչուպկինը։

Նրա խոսքերով՝ մասնակից երկրները գոհունակությամբ են ընդունել հենց հակաահաբեկչական գործողության գաղափարը, քանի որ վերջին 15 տարիների ընթացքում տարածաշրջանը հարկադրված է բախվել իր անվտանգությանը սպառնալիք հանդիսացող երևույթներին, ուստի զինծառայողների համար զորավարժությունները նախ և առաջ կարևոր փորձ են դառնալու։

Հայտնի է նաև, որ գործողությունն ավարտվելու է հուլիսի 18-ին։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ն ստեղծվել է ԱՊՀ երկրների կողմից 1992-ի մայիսի 15-ին։ Այժմ ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *